top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Տիրոջ Խոսքը



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի հինգերորդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Եսայու Մարգարեության գրքից է.


«Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է Աստված,- դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։ Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք մեր Աստծու շավիղները։ Բոլոր ձորերը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի խոնարհվեն, անհարթ տեղերը պիտի հարթանան, և առապարները դաշտերի վերածվեն։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տե՛րը խոսեց»։

Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Գոչի՛ր, ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։ Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում է, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։ Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Եսայի 40.1-8)։


Աստծո հորդորով Եսայի մարգարեն ազդարարում, բղավում է, որ համայն մարդկությունը լսի ու անդրադառնա, թե ամեն բան ժամանակավոր է այս կյանքում։ Մարդու կյանքը, գործը, փառքը մի օր թառամում ու անհետանում են։ Ժամանակի ընթացքում մեր մարմինները տկարանում են, բառացիորեն՝ չորանում և թափվում են հողի մեջ։ Մեր գործերը ևս, այն ինչ որ ստեղծում ենք կամ կառուցում, ժամանակի ընթացքում մաշվում ու հնանում են, կորցնում են իրենց նախկին փառքը և անհետանում ժամանակի հոլովույթի մեջ։


Միայն մի բան կա, որ մնում է հավիտյան՝ Տիրոջ Խոսքը։ Հովհաննես Ավետարանիչն իր Ավետարանի սկզբում բացահայտում է, որ այդ Խոսքը Աստծո Միածին Որդին է։ Արդարև, Հիսուս Քրիստոս այն ամենն է, ինչ Աստված ցանկանում է մեզ ասել։ Հիսուս լրումն ու մարմնացումն է Աստծո Խոսքի, որովհետև Նա եկավ աշխարհ և ապրեց այն սրբությամբ և կատարելությամբ, որի մասին Աստված պատգամում է Աստվածաշնչում։ Նա է Աստծո հավիտենական Խոսքը, որ ժամանակներից առաջ էր և ժամանակներից վեր։


Մեծ Պահքի ընթացքում այս գիտակցությամբ մոտենանք Աստվածաշունչ Սուրբ Գրքին։ Ամեն անգամ, երբ ընթերցենք Սուրբ Գիրքը՝ անդրադառնանք, որ հաղորդվում ենք հավիտենության հետ։ Մտաբերենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի» (Մատթեոս 24.35): Գիտակցենք, որ հավիտենական կյանքը հնարավոր է միայն, եթե տևական հաղորդության մեջ լինենք Աստծո Խոսքի հետ։

65 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page