Փշերի Մեջ՝ Վարդ


Ճեմարանական տարիներիս սովորեցի Խրիմյան Հայրիկի և նրա նվիրական ծննդավայրի՝ Վասպուրականի մասին այս երգը.
«Հայրի՜կ, Հայրի՜կ, քո հայրենիք՝
Վասպուրական մեր աշխարհ,
Վարդի փոխան քեզ փուշ բերաւ,
Ցաւերդ դառան բիւր հազար:
Հայրիկն ասաց. “Իմ հայրենեաց
Փուշն անուշ է, քան ըզվարդ,
Ես այն փշոց մէջը դարձեալ
Կը որոնեմ սիրուն վարդ”»:
Մեկ շաբաթ առաջ ես կանգնած էի Վասպուրական նահանգում՝ Աղթամար կղզու Սուրբ Խաչ Մայր տաճարի առջև՝ ձեռքիս Տաճարի խորանից վերցրած մի կարմիր վարդ։
Եվ այդ պահին երգը հանկարծ դարձավ կենդանի աղոթք։
Խրիմյան Հայրիկն իր հայրենիքը հայում էր սիրո աչքերով: Չնայած գիտեր նրա վշտերը, այնուամենայնիվ, շարունակում էր փնտրել գեղեցկության և հույսի նշանները՝ թույլ չտալով, որ պատմության մեջ գերիշխող դառնան փշերը:
Թերևս սա է հավատի ամենագեղեցիկ դասերից մեկը՝ միշտ վա՛րդը փնտրել։
Մեր Տերն Ինքն Իր սուրբ գլուխը խոցոտող փշե պսակ կրեց, բայց այդ փշերը չկարողացան խեղդել Նրա անհուն սերը։ Եվ ինչպես Տիրոջ կյանքում վերջին խոսքը փշերինը չէր, այդպես էլ մեր ժողովրդի կյանքում որոշիչ չդարձավ դրանց ներկայությունն ու խոսքը: Խաչից հետո՝ Հարություն, մահից հետո՝ կյանք... Կնքյալ գերեզմանից անդին կրկին հույսը ծաղկեց:
Մեզանից ամեն մեկն իր սրտում փշալից մի վայր ունի՝ դեռևս ցավոտ հուշեր արթնացնող հիշողություն, անպատասխան մնացած աղոթք, խզված հարաբերություն կամ անդառնալի կորուստ։ Հավատը, սակայն, չի անտեսում այս վերքերը, այլ սովորեցնում է փշերի մեջ առավել ջանադրորեն փնտրել վարդը։
Այն հայտնվելու տարբեր կերպեր ունի և կարող է արտահայտվել ամեն բան կրկին սկսելու վճռականությամբ, ընկերոջ բարությամբ, աղոթքին տրված անսպասելի պատասխանով, մեզ հարատև սնող ու ներշնչող սրբազան հիշողությամբ կամ մեր ցավն ուրիշի համար հույսի վերածելու շնորհով։
Սիրելիներ, շարունակե՛ք փնտրել վարդը։ Ամեն անգամ, երբ գտնեք այն, գոհություն հայտնեք Աստծուն։ Պահպանե՛ք և կիսվե՛ք նրա գեղեցկությամբ։
Իսկ եթե ձեր կողքին որևէ մեկը ծանր փորձությունների միջով է անցնում, խնդրե՛ք Աստծուն, որ հենց դուք դառնաք նրա՝ այդքա՜ն երկար փնտրված վարդը։ Ձեր բարությունը կարող է դառնալ նրա հոգեկան անապատի վերակենդանացման առաջին նշանը:


Comments