top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Որոտման Որդիները



Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Որոտման Որդիների՝ Սբ. Հակոբոս Առաքյալի և Սբ. Հովհաննես Ավետարանչի հիշատակը։


Հակոբոս Զեբեդյան Առաքյալ


Իր անվանակիցներից տարբերելու համար նրան նաև անվանում են «Մեծ Հակոբոս»: Բայց հայերիս մեջ հայտնի է որպես «Գլխադիր Առաքյալ»: Նա Հովհաննես Ավետարանչի երեց եղբայն է և որդին է Գալիլեացի Զեբեդեոս ձկնորսապետի: Առաքյալներից այս երկուսի մայրն էլ է հայտնի Ավետարաններում և նա Սողոմեն է, որը Քրիստոսին հետևող կանանցից մեկն էր և որն իր զավակների հետ միասին համարձակություն ունեցավ Քրիստոսից խնդրել, որ իր որդիները Նրա թագավորությունում բարձր դիրքեր ունենան (Մատթ. 20:20-23):


Հակոբոսը, Պետրոսի և իր եղբայր Հովհաննեսի հետ այն սեղմ շրջանակն էին կազմում, որին Հիսուսն ավելի էր վստահում և որոնք ավելի կապված էին իրենց Վարդապետի հետ: Այս երեքը միասին ներկա էին Հայրոսի աղջկա հարությանը, Քրիստոսի այլակերպությանը և Գեթսեմանի պարտեզի տագնապին: Երբ Սամարացիները մերժում են հյուրընկալել Հիսուսին և իր աշակերտներին, Զեբեդյան եղբայրները զայրանալով Հիսուսից թույլտվություն են խնդրում, որպեսզի Եղիայի նման երկնքից կրակ իջեցնեն սրանց գլխին (Ղուկ. 9:54): Սակայն Հիսուսը նրանց հանդիմանեց իրենց հախուռն ու վրեժխնդիր ոգու համար: Այս և նմանատիպ այլ դեպքերի պատճառով, որտեղ երկու եղբայրները չափազանց եռանդ են ցուցաբերում, կոչվեցին «Բաներեգես», այսինքն «Որոտման որդիներ» և այսպես էլ ծանոթ են մեզ (Մարկ. 3:17):


Հակոբոսն այն միակ առաքյալն է, որի մահվան մասին պատմվում է Գործք Առաքելոցում: Իբրև առաքելաների խմբից եռանդուն և աչքի ընկնող անձնավորություն, 99թ-ին, Երուսաղեմում Հերովդեսը ձերբակալել է տալիս և գլխատում, այսպիսով նա հանդիսանում է առաջին նահատակված առաքյալը:


Ըստ ավանդության նրա մարմինը ծովն են նետել և ալիքներն այն հասցրել են մինչև Իսպանիայի ափերը, որտեղ էլ նա մեծ ժողովրդականություն է վայելում: Սակայն Նրա անունը ավելի սերտորեն կապված է հայերիս հետ: Ըստ ավանդության Հակոբոսի գլուխը գլխատումից հետո բերում են Հակոբոս Տեառնեղբոր մոտ, որը Երուսաղեմի մայր եկեղեցու առաջին եպիսկոպոսն էր, և որն էլ այս պատվական գլուխը թաղում է իր տան պարտեզում: Այս տան տեղում է, որ կառուցվել է մեր սրբոց Հակոբյանց մայր տաճարը, որի հյուսիսային պատի մեջ մի մատուռ է կառուցված որտեղ էլ Հակոբոսի գլխի գերեզմանն է, այսինքն Գլխադիրը, որը ժողովուրդը Հակոբոս առաքյալի համար որպես հոմանիշ է գործածում:


Նա տոնվում է իր եղբոր հետ Սուրբ ծննդյանը կանխող «Ավագ տոներ»ի մեջ, որպես վերջինը:


Հովհաննես Ավետարանիչ


Առաքյալների դասից ամենապայծառ և խոհեմ անձնավորությունը: Սիրո աշակերտը, Աստվածաբան Ավետարանիչը, Հայտնության Մարգարեն:


Հովհաննեսը, հակառակ մարդկանց մտքերում պատկերված հանդարտաբարո անձի պատկերի, ավետարաններում հանդես է գալիս իբրև անհանդուրժող, վրեժխնդիր, կորովի և փառասեր մի երիտասարդ, սակայն, Քրիստոսի հանդեպ միշտ նվիրումով լցված: Քրիստոսին աշակերտելու երեք տարիները լիովին բավական եղան, որ նա դառնար ավետարանի շքեղ անձնավորություններից մեկը: Նրա մեջ ներդաշնակվել են մարդկային նկարագրի հակադիր կարծված գծերը՝ եռանդը և հանդարտությունը, քաջությունը և բարությունը, մեծությունը և խոնարհությունը, սերը և խստությունը:


Թվում է, թե առաքյալներից ամենակրտսերն էր, բայց միևնույն ժամանակ ամենաերկարակյացը: Իր բարեհամբույր բնավորության, նվիրումի և այլ ազնիվ հատկանիշների համար արժանացել է Հիսուսի մասնավոր սիրուն այն աստիճան, որ ստացել է «Սիրելի աշակերտ» տիտղոսը:


Որքանով որ Հովհանեսն այս սիրուն արժանացավ Քրիստոսին պաշտպանելու համար արված ինչ-ինչ միամիտ արտահայտություններով, նույնքանով և առավել ևս Հիսուսի ձերբակալման գիշերը, երբ մյուս աշակերտները թողեցին և փախան, ինքն իր սիրելի Վարդապետին հետևեց չարչարանքների ամբողջ գիշերը, խաչի ճանապարհին, մինչև Գողգոթա, որտեղ, արդարև, արժանացավ գերագույն շնորհին՝ Հիսուսն Իր մորը հանձնեց Հովհաննեսին և նրան էլ իր մոր որդին հայտարարեց: Եվ Հովհաննեսը, հանձինս Աստվածամոր, իր բարեպաշտ մոր կողքին երկրորդ և նույնքան հարազատ և անգերազանցելի մայր ունեցավ:

Կիրակի առավոտյան, երբ իմացավ Հիսուսի գերեզմանի պարապ լինելու մասին, Պետրոսի հետ շտապեց դեպի գերեզման, տեսավ ամեն բան և առանց հարուցյալին տեսնելու՝ «հավատաց» Հիսուսի հարությանը:


Հովհաննեսն, իր եղբայր Հակոբոսի և Պետրոսի հետ միասին, որոնցից անբաժան է իր անունը Գործք Առաքելոցի սկզբնամասերում, առաջին Եկեղեցու սյուներից մեկն է: Օրինակ՝ ի ծնե կաղի բժշկությունը, որ հրեաների մեջ մեծ աղմուկ հանեց և երկուսի ձերբակալության և բանտարկվելու պատճառ դարձավ, հավասարապես վերագրվում է երկուսին:

Հաջորդ օրն իրենց ազգային գերագույն ժողովի մոտ տարվեցին, որտեղ համարձակորեն պատասխան տվեցին և մեծամեծները «Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և վերահասու լինելով, որ տգետ և անուսում մարդիկ էին, զարմացել էին»: Նրանց պատժելու համար օրինավոր որևէ պատճառ չգտնելով, նրանց պարզապես արգելեցին «Հիսուսի անունով ամենևին չխոսել և չուսուցանել։ Իսկ Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին և ասացին նրանց. «Եթե Աստծու առաջ արդար է առավել ձե՛զ լսել, քան Աստծուն, ինքնե՛րդ որոշեցեք։ Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք և լսել»։ Նրանք, սպառնալով, արձակեցին նրանց» հաշվի առնելով ժողովրդին, որը պատահած հրաշքի համար փառք էր տալիս Աստծուն (Գործք 4:1-22):


Երուսաղեմի ժողովից հետո առաքյալներից գրեթե բոլորը մեկ առ մեկ ցրվեցին զանազան երկրներում: Ավանդաբար պատմվում է, որ Հովհաննեսը գնացել է Եփեսոս, որտեղ երկար տարիներ ապրելով ընդաևձակել է Պողոս Առաքյալի այնտեղ սկսած գործը, մինչև որ աքսորվեց Էգեյական Պատմոս կղզին, որտեղ էլ տեսել է այն խորհրդավոր տեսիլքը, որը մեզ ներկայանում է «Հովհաննեսի Հայտնություն» գրքի մեջ:


Հովհաննեսի մեծագույն փառքն իր Ավետարանն է, որը գրված է նախորդ երեք Ավետարանների համեմատ տարբեր ոճով և տարբեր ոգով, որի նպատակը Քրիստոսի Աստծո որդի ներկայացնելն է: Այս գիրքը Նոր Կտակարանի 27 գրքերից ամենախորն ու ամենահոգևորն է: Այս Ավետարանի մեջ Քրիստոսը ավելի խոր և ավելի ամբողջական հայտնություն է տալիս Իր և Աստծո մասին: Հովհաննեսի Ավետարանը առաջին երեք Ավետարանների լրացումն է: Ավետարանիչը գրքի գրեթե կեսը հատկացրել է Հիսուսի կյանքի վերջին օրերի խոսքերին և գործերին:


Հրաշալի է մանավանդ գրքի առաջաբանը, որտեղ Քրիստոս ներկայացվում է որպես Աստծո «Բան»-ը, այսինքն անձնավորյալ իմաստությունը, որն «Ի սկզբանե է. առ Աստված է. և Աստված է»: Հատկանշական է նաև, որ այս ավետարանում անվամբ չեն նշվում ո՛չ ինքը, ո՛չ եղբայրը և ո՛չ էլ իր մայրը: Սա նախ կարևոր ապացույց է, որ այս ավետարանը Հովհաննեսի կողմից է գրված և երկրորդ՝ շեշտում է նրա համեստությունը և խոնարհությունը:


Հովհաննեսի անունով Նոր Կտակարանում երեք կան թղթեր: Առաջինը հինգ գլուխներից բաղկացած մի հոյակապ գրություն է, որի նպատակը առ Քրիստոս հավատացյալներին հավատքը զորացնելով և նրանց հավիտենական կյանքի հավատք ներշնչելով, մեղք գործելուց և սուտ քարոզիչներից հեռու մնալու զգուշացումն է: Բանալի բառերն են «սեր» (գործածվում է ավելի քան քսան անգամ), «գիտություն» կամ դրան համարժեք բառեր (երեսուն անգամ) և «հաղորդություն»:


Երկրորդ և երրորդ նամակները, կազմված լինելով մեկական գլուխներից, հանդիսանում են Նոր Կտակարանի ամենակարճ գրությունները, այս թղթերը նախորդից տարբերվում է նրանով, որ ուղղված են անհատների՝ «Ընտրեալ Կյուրաին (Տիրուհի) և նրա որդիներին»: Այս գրությունը Նոր Կտակարանի միակ գրությունն է, որ կնոջ է հասցեագրված, այս թղթի բանալի բառերը նույպես «սեր» և «ճշմարտություն» բառերն են:


Հաջորդ գրվածքն ուղղված է «Գայոս սիրելի»-ին»: Թե՛ Ավետարանը և թե՛ թղթերը գրվել են Առաքյալի կյանքի վերջին տարիներին: Համարվում է, որ նա մահացել է 100 թ.-ին, շուրջ 95 տարեկան հասակում: Չնայած, որ կյանքի ընթացքում շատ չարչարանքներ տեսավ, բայց մահացավ խաղաղ պայմաններում, Եփեսոսում: Պատմվում է, թե ծեր տարիքում, երբ արդեն չէր կարող երկար խոսել, գալիս էր եկեղեցի, որպեսզի ասեր. «Մանուկներ սիրեք միմյանց»: Նրա գերեզմանի վրա մի փառավոր եկեղեցի է եղել կառուցված, որի ավերակներն են այժմ մնում:

Շնորհք արք. Գալուստյան, «Աստվածաշնչական Սուրբեր»


ԱՂՈԹՔ


«Հոգիս դիմում է քեզ, Աստված, որ պատվիրաններիդ լույսը ծագեցիր աշխարհին Քո ընտրած առաքյալների միջոցով. նրանց բարեխոսությամբ ապրեցրո՛ւ մեզ։


Սուրբ Հոգու շնորհներով լցված և երկնքի խորանների վրա բարձրացած՝ նրանք տեղեկացան Միածնիդ անճառելի էության մասին և ավետարանեցին աշխարհին. նրանց բարեխոսությամբ ապրեցրո՛ւ մեզ։

Որոտման Որդիները կարող եղան ամենայն զորությամբ ընդունելու Միածնիդ չարչարանքների բաժակը և Քո աջ կողմում դասվեցին. նրանց բորախոսությամբ ապրեցրո՛ւ մեզ»:


Տոնի «Ողորմեա» շարականը,

գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վրդ. Պարսամյանը


209 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page