top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Խաչվերաց



Այսօր Հայոց Եկեղեցին տոնում է Խաչվերացը՝ հինգ տաղավար տոներից մեկը: Խաչվերաց նշանակում է խաչի վեր բարձրացումը, կանգնեցումը:


Երբ 7-րդ դարում Հունաց Հերակլ կայսրը պարսկական գերությունից ազատագրեց Տիրոջ խաչափայտը, սկզբում այն Պարսկաստանից հանդիսավոր թափորով փոխադրվեց հայոց Կարին քաղաքը, ապա այնտեղից՝ Կոստանդնուպոլիս և հետո՝ Երուսաղեմ և կանգնեցվեց Գողգոթայում։


Ավանդությունը պատմում է, որ Հերակլ կայսրը Երուսաղեմի մուտքից մինչև Հարության տաճարը Տիրոջ Խաչափայտը կրում էր իր ուսերին։ Սակայն նա չկարողացավ Խաչը տանել, մինչև չհանեց իր արքայական զգեստները և բոկոտն, որպես խոնարհ ուխտավոր խաչը տարավ և կանգնեցրեց Գողգոթայի բարձունքում՝ Սուրբ Հարության Տաճարում։


Այս պատմությունը մեզ հիշեցնում է քրիստոնեության երկու կարևորագույն ճշմարտությունների մասին, որոնց անդրադառնում է Սուրբ Պողոս Առաքյալը Փիլիպեցիներին ուղղված իր նամակի մեջ (Փիլիպ. 2:6-11)։


Ա. Հիսուս Քրիստոս, լինելով Աստված, խոնարհվեց, ինքն իրեն ունայնացրեց՝ մեզ նման դառնալով և հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ՝ խաչափայտի վրա։


Բ. Իր այս խոնարհ հնազանդության համար Աստված. «նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց անուն, որ վեր է բոլոր անուններից, որպեսզի Հիսուս Քրիստոսի անվանն ամեն ծունկ խոնարհվի … և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու»։


Այսօր, շուրջ 2000 տարի անց, համայն քրիստոնյա աշխարհը տոնում է Խաչվերացը՝ ծունկ խոնարհելով Տիրոջ Սուրբ Խաչի առաջ և խոստովանելով, որ Աստծո Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոսը, Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու։


«Քո խաչը մեզ ապավեն թող լինի, Տեր Հիսուս, երբ լուսավոր ամպերի վրա երևաս Հոր փառքով: Այն ժամանակ մենք` Քեզ հուսացողներս, չենք ամաչի, այլ Քո մեծ զորությամբ կցնծանք Քո աջ կողմում՝ որպես լույսի որդիներ և վաղորդայն դուստրեր»։

63 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page