top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Գիւտ Նշխարաց




Այսօր Հայոց Եկեղեցին հիշատակում է մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը:

Ավանդության համաձայն, երբ լրացավ Լուսավորչի քահանայապետության երեսուն տարին, Տիրոջ հրամանով նա ելավ Սեպուհ լեռան կատարը և առանձնացավ լռության մեջ՝ Մանյա անունով մի քարայրում:

Սրբի մահից միայն որոշ ժամանակ անց մի քանի հովիվներ, երբ պատահմամբ քարայր մտան հանգստանալու, գտան նրա մարմինը և ենթադրելով, որ պարզ ճգնավոր է, քարակույտի տակ ամփոփեցին նրան և հեռացան:

Տարիներ անց, Գառնիկ անունով մի ճգնավոր տեսիլքով գտնում է սրբի մարմինը: Վերջինս հայոց հայրապետի նշխարները փոխադրեց և ամփոփեց Դարանաղյաց գավառի Թորդան ավանում: Հետագայում այդ վայրում կանգնեցրեցին մի վկայարան: Նշխարների մի մասը տարվեց քաղաքամայր Վաղարշապատ, մինչև անգամ Բյուզանդիոն և Իտալիա: 5-րդ դարում Զենոն կայսրը սրբի մարմինը տեղափոխում է Պոլիս, 7-րդ դարում Գրիգոր Լուսավորչի Աջը բերվում է Հայաստան, որը պահպանվում է Ս. Էջմիածնում: Այն սրբալույս Մյուռոնի օրհնության գլխավոր սրբություններից մեկն է և Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնական նշանակը:


ԱՂՈԹՔ. ԺԱՄԱՄՈՒՏ


«Ցնծում է այսօր, ցնծում և բերկրում Սուրբ Եկեղեցին՝ մեծ հանդիսավորությամբ տոնելով հանրատենչ քո հիշատակը, սուրբ հայրերի մեջ գերազանցդ, Թորգոմի Տան հայրապետ և լուսավորիչ, Սուրբ Գրիգոր։

Քո անասելի չարչարանքներով համայն աշխարհին հիացմունք պատճառեցիր և անզուգական ճգնությամբդ հրեշտակներին զարմացրեցիր, որոնք գունդ-գունդ երկնքից դեպի երկիր խոնարհվելով՝ շտապում էին նահատակությունդ տեսնելու։

Քո աննման համբերատարությամբ հաղթեցիր հպարտ արքային իր զորքով հանդերձ և աստվածահաճո քո աղոթքով նրանց կուրացած մտքերը լուսավորեցիր՝ Քրիստոսի Ավետարանի պաշտոնյաներ դարձնելով։ Նրանց հետ նաև Հայոց ազգը նոր հոգևոր ծնունդով աստվածգիտության լույսին դարձրեցիր, որի համար բոլոր սրբերի մեջ առանձնակի լույսով փայլեցիր և առաքելական պատվին ու աթոռին արժանացար՝ Քրիստոս Աստծու կողմից նրանց հետ դասվելով։

Արդ, ո՜վ հայր մեր և լուսավորիչ մեր հոգիների, աղաչում ենք քեզ քո Եկեղեցու ողջ դասերով միաբանված, որպեսզի քո սքանչելի տոնի օրը, հատկապես, բարեխոսես Քրիստոս մեր Աստծուն, որ քո Եկեղեցին և ժողովուրդը պահի խաղաղության մեջ՝ փրկելով հոգևոր և մարմնավոր թշնամիներից, որպեսզի մենք էլ քո հիշատակը տոնելով՝ փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս. ԱՄԵՆ»։


(Գրաբարից թարգմանեց՝ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը)

173 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page