top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Անիրավ Տնտեսը



Սիրելիներ, այսօր Մեծ Պահքի չորրորդ՝ «Տնտեսի Կիրակին» է։ Այս անունը վերցված է «Անիրավ Տնտեսի» առակից, որը պատմում է մեր Տեր Հիսուս Քրիստոս Ղուկասի Ավետարանում (16.1-9)։

Անիրավ Տնտեսի առակը, ինչպես և ավետարանական մյուս առակները, Երկնքի Արքայության մասին է։ Առակը տեսանելի իրականության միջոցով բացահայտումն է անտեսանելի իրականության։ Շատերին տարօրինակ է թվում, սակայն, թե ինչո՛ւ է Տեր Հիսուս պատկերում անիրավ տնտեսին, որպես օրինակ՝ նմանվելու նրան։


Սկզբից ևեթ նշենք, որ Տեր Հիսուս բնավ չի գովում անիրավությունը, այլ՝ տնտեսի խելացիությունը, հնարամտությունը և դրամը գործածելու կերպը. «Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց» (Ղուկաս 16.8)։ Տերը դրվատում է տնտեսի հնարամտությունը, որովհետև նա վերջապես կիրառեց դրամը որպես միջոց և ոչ որպես նպատակ։ Տնտեսը հասկացավ, որ այս աշխարհում իրական հարստությունը ոչ թե նյութական բարիքն է, այլ՝ բարեկամները։ Մարդ կարող է նյութապես հարուստ լինել, բայց՝ ամենևին միայնակ։ Տնտեսը բավական իմաստություն ուներ՝ հասկանալու համար այս պարզ ճշմարտությունը, որ երբ բարեկամներ ունես, երբեք միայնակ չես։

Տեր Հիսուս հորդորում է իր աշակերտներին և մեզ՝ վարվել հնարամիտ տնտեսի նման և նյութական ապահովության փոխարեն, ձգտել հավիտենական կյանքի ապահովությանը։ Եթե այս աշխարհի որդիներն հնարամտորեն գործածում են ամեն առիթ ու հնարավորություն՝ իրենց կյանքը բարեկեցիկ դարձնելու համար, ապա լույսի որդիները, որքան ևս առավել, պետք է գործածեն իրենց աստվածատուր հնարավորությունները՝ հավիտենական կյանքը ժառանգելու համար։


Առակի վերջին տողերը բացահայտում են առակի ողջ իմաստն ու նպատակը. «Եվ ես ձեզ ասում եմ. նույնիսկ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16.9)։


Յուրքանյուր նվիրատվություն, որ տրվում է կարիքավորներին, միջոց է բարեկամներ «սարքելու» համար՝ ինչպես երկրի վրա, այնպես էլ երկնքում։ Ինչպես Տեր Հիսուս է ասում, Դատաստանի Օրը մենք պիտի արդարանանք մեր բարի գործերի համար. «Քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք”։ Այդ ժամանակ արդարները կդիմեն նրան և կասեն. “Տե՛ր, քեզ ե՞րբ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք, քեզ ե՞րբ օտարական տեսանք և հյուրընկալեցինք, կամ մերկ և հագցրինք, քեզ ե՞րբ հիվանդ կամ բանտում տեսանք և այցելեցինք”։ Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”» (Մատթեոս 25.35-40):

Արդարև, յուրաքանչյուր բարեգործություն այս աշխարհի վրա բարեխոսություն է երկնքում՝ Ամենազոր Աստծո առաջ։ Սուրբ Հովհաննես Մանդակունին իր ճառերից մեկի մեջ ասում է. «Այն ինչ որ տալիս եք քաղցածին, դնում եք Քրիստոսի ձեռքերի մեջ, ով պիտի ձեզ հատուցի Վերջին Դատաստանի օրը»։


Սիրելինե՛ր, այս աշխարհում Աստծու կողմից մենք նշանակված ենք որպես տնտեսներ և մեր կյանքի վերջին օրը Աստված մեզ պիտի ասի. «հաշի՛վ տուր և տնտեսությունդ հանձնի՛ր, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»։ Ուստի, լավագույնս պատրաստվենք այդ օրվան, զգուշանանանք դրամի պաշտամունքից և այն կուռք դարձնելու գայթակղությունից։ Գործածենք մեր բոլոր հնարավորությունները, ո՛չ թե ի շահ անձնական բարեկեցության, այլ՝ ի շահ անանձնական բարիքի: Եվ երբ բարեգործություն կատարենք, մեր մտքերի մեջ լռելյայն ասենք դիմացնին. «Հիշի՛ր ինձ, Վերջին Դատաստանի օրը»։

109 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page