• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Ինձ համար կյանքը Քրիստոս է




«Ինձ համար կյանքը Քրիստոսն է, ուստի և մեռնել, նշանակում է՝ շահել կյանքը»։ (Փիլիպեցիներին 1:21)


Սուրբ Պողոս Առաքյալն այս տողերը գրում էր բանտում՝ մահվան դատավճռին սպասելիս։ Կենաց մահու սահմանագծին կանգնած, երբ բնավ չգիտեր, թե ինչ պիտի պատահի, նա քաջաբար հռչակում է. «Ուրախ եմ, ուրախ էլ պիտի մնամ. որովհետև գիտեմ, որ ի վերջո դա ծառայելու է իմ փրկությանը … ինչպես միշտ, այս անգամ ևս համարձակությամբ կպաշտպանեմ իմ հավատը, այնպես որ Քրիստոսը փառավորվի ինձնով, լինի դա իմ ապրելով կամ մեռնելով։ Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, ուստի և մեռնել, նշանակում է՝ շահել կյանքը» (Փիլիպեցիներին 1:18-21)։


Արդարև, եթե այս կյանքում մարդու նպատակը վեր է նեղ անձնական շահերից և սեփական բարեկեցությունից, ապա անպայման կատարյալ ուրախություն կգտնի՝ անկախ կյանքի հանգամանքներից և ապագայի անորոշությունից։


Ինչի՞ համար ենք ապրում։ Մեր պատասխանը այս հարցին՝ մեր պատասխանն է այս կյանքի բոլոր նեղություններին ու դժվարություններին։ Եթե նյութական հարստության համար ենք ապրում, ապա մահը անխուսափելիորեն մեզ պիտի կողոպտի դրանից։ Եթե փառքի համար ենք ապրում, ապա մահը մոռացության պիտի մատնի այն։ Իսկ եթե ապրում ենք Քրիստոսի համար, ապա մեռնել՝ նշանակում է շահել կյանքը, միանալ կյանքի աղբյուրին՝ Հիսուս Քրիստոսին։


Ահա՛, սիրելինե՛ր, մեր ազգային գոյապայքարի մեջ, կենաց մահու այս պատերազմում մեր խիզախության և անստվեր ուրախության գրավականը։ Այս գիտակցությամբ միայն կարող ենք և պետք է պատերազմենք թշնամու դեմ և ամենևին չվախենանք մահից։ Այս հավատքով միայն յուրաքանչյուրս կարող ենք Առաքյալի նման քաջաբար հռչակել. «Եթե ապրեմ, ապա պիտի պաշտեմ Քրիստոսին իմ ազատ ու անկախ հայրենիքում, իսկ եթե մահանամ, ապա պիտի հանդիպեմ իմ Տիրոջը Երկնքի Արքայության մեջ։ Երկու դեպքում էլ հաղթանակած պիտի լինեմ։ Արդարև, ինձ համար կյանքը Քրիստոսն է, ուստի և մեռնել, նշանակում է՝ շահել կյանքը». ԱՄԵՆ։

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.