top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Քրիստոսի դեմքը



Կատակոմբների պատերի վրա արված առաջին սրբապատկերներից մինչև թանգարաններում պահվող վերածննդի թանկարժեք կտավները, մինչև այսօրվա բաձրորակ թվային նկարչությունը Հիսուս Քրիստոս եղել է արվեստագետների ներշնչման աղբյուրը։ Ռուբենս, Ռաֆայել, Դա Վինչի, Տիցիան, Միքելանջելո և հազարավոր ուրիշներ վերցրել են վրձինն ու ներկապնակը և նկարել Հիսուսի դեմքն այնպես, ինչպես պատկերացրել են իրենց մտքում։

Ամեն օր իմ կայքի վրա հրապարակում եմ Տեր Հիսուս Քիստոսի դեմքը պատկերող այդ բարձրաճաշակ նկարները, սակայն բնավ չեմ էլ ակնկալում, որ երբ Երկնքի Արքայության մեջ տեսնեմ Տեր Հիսուսին, Նա նման պիտի լինի նկարիչների պատկերած այդ դեմքերին։


Իսկ ինչպիսի՞ն է Հիսուս Քրիստոսի դեմքն իրականում։


Ռուս հանրաճանաչ գրող Իվան Տուրգենևը «Քրիստոս» անունով մի հիասքանչ ստեղծագործություն ունի, որի մեջ նկարագրում է իր խորհրդավոր տեսիլքը։ Այն թարգմանաբար ներկայացնում եմ ստորև։

1878 թ. դեկտեմբեր ամսին Տուրգենևը գրում է. «Տեսա ինձ՝ իբրև պատանի, գրեթե մանկահասակ մի տղա՝ գյուղական ցածրահարկ եկեղեցում։ Հնամենի պատկերների առջև կարմիր բծերով այրվում էին բարակ մեղրամոմերը։ Ծիածանագույն պսակը շրջապատել էր դրանցից յուրաքանչյուրի փոքրիկ կրակը։ Եկեղեցում մութ էր ու աղոտ… բայց իմ առջև շատ մարդիկ էին կանգնած։


Բոլորն էլ՝ շիկահեր, գյուղական գլուխներ։ Նրանք ժամանակ առ ժամանակ սկսում էին ճոճվել, խոնարհվել ու նորից բարձրանալ՝ հասուն ցորենի հասկերի նման, երբ քամին դանդաղ ալիքներով անցնում է դրանց վրայով։


Հանկարծ հետևից մի մարդ եկավ ու կանգնեց կողքիս։

Ես չշրջվեցի նրա կողմը, բայց անմիջապես զգացի, որ Քրիստոսն է։ Գորովանքը, հետաքրքրասիրությունն ու վախը միանգամից տիրեցին ինձ։ Ես իմ մեջ ուժ գտա ու նայեցի կողքինիս։

Տեսա մի դեմք, որ նման էր մարդկային բոլոր դեմքերին։ Աչքերը նայում էին մի փոքր վեր, ուշադիր ու լռելյայն։ Շրթունքները փակ էին, բայց ոչ՝ սեղմված։ Վերին շրթունքը կարծես հանգչում էր ստորինի վրա։ Նա ոչ երկար, երկուսի բաժանված մի մորուք ուներ՝ ։ Ձեռքերը ծալված էին ու անշարժ։ Եվ նա հագնված էր ինչպես բոլորը։


«Այս ի՞նչ Քրիստոս է,- մտածեցի ես,- այսքան հասարակ, պարզ մի մարդ։ Չի՛ կարող պատահել»։


Ես շրջվեցի, բայց չհասցրեցի հայացքս թեքել այդ հասարակ մարդուց, երբ կրկին ինձ թվաց, թե հենց Քրիստոսն է կողքիս կանգնած։


Կրկին ճիգ գործադրեցի… և նորից տեսա նույն դեմքը՝ նման մարդկային բոլոր դեմքերին, նույն սովորական, բայց և անծանոթ դիմագծերով։


Եվ հանկարծ սարսափեցի և ուշքի եկա։ Ու միայն այդ ժամանակ հասկացա, որ հենց այդպիսին է՝ մարդկային բոլոր դեմքերին նման, Քրիստոսի դեմքը»։

Արդարև, Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված յուրաքանչյուր մարդ Աստծո դեմքի արտացոլումն է: Ինչպես Ս. Հովհաննես առաքյալն է ասում. «Աստծուն ոչ ոք երբևէ չի տեսել։ Բայց եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կբնակվի, և նրա սերը մեր մեջ կատարյալ կդառնա» (Ա. Հովհաննես 4.12)։


Ուրեմն, մեր նմանի, մեր մերձավորի մեջ տեսնենք Աստծո պատկերն ու նմանությունը և սիրենք նրան աստվածային մաքրամաքուր սիրով։ Այդժամ Աստված մեր մեջ կբնակվի, կվերագտնենք աստվածային մեր նմանությունը և Աստծո սերը կատարյալ կդառնա մեր մեջ ։

94 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page