top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Քավություն



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 32-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Եսայու մարգարեության գրքից է (53.1-54.5):


Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունից շուրջ 700 տարիներ առաջ Եսային գրում է. «Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան։ Բայց նա վիրավորվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար պատժվեց. մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց, և նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի 53.4-5)։


Այս խորախորհուրդ հատվածի մեջ Մարգարեն լավագույնս բացատրում է Մեսսիայի՝ Փրկիչ Քրիստոսի, չարչարանքների իմաստը։ Ասես Եսային կանգնած է Խաչելության առջև, Մարիամի, Մարթայի և Հովհաննեսի կողքին և աչքերը հառել է չարչարվող Փրկչի արյունաքամ մարմնին։ Նա հրավիրում է նաև մեզ՝ իր ընթերցողներին, գալու Խաչելության առջև և ոչ միայն ականատես լինելու, այլև փառաբանելու Աստծո միածին Որդուն, ով զոհաբերվում է մեր մեղքերի քավության համար։

Արդարև, Աստծո Միածին Որդին, ով կատարելապես առանց մեղքի էր, մեր մեղքերը իր վրա վերցրեց։ Մեր անօրենությունների համար պատժվեց, մեր փոխարեն գանակոծվեց ու չարչարվեց և խաչվեց։ Արդարը մահացավ անարդարներիս համար, որպեսզի Նրա զոհաբերությամբ մենք մաքրվենք ու արդարանանք։

Եսայու մարգարեության այս հատվածի լավագույն մեկնությունը տալիս է Ս. Պողոս Առաքյալը, երբ գրում է. «Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք» (Բ. Կորնթացիներին 5.21)։


Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության առաջ աղոթենք՝ ասելով. «Տեր մեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ չարչարվեցիր ու խաչվեցիր մեր փրկության համար, ողորմիր մեզ մեղավորներիս»։

26 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page