top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Վարձատրություն


Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 22-րդ օրն է և օրվա ընթերցվածը Երեմիայի Մարգարեության գրքից է (32.19-44):


Մեզանից շատերը, ինչպես ժողովուրդն է ասում, «հասարակ» մարդիկ ենք և մեր ձեռքբերումներն ու նվաճումները երբեք էլ չեն արձանագրվելու պատմության գրքերում։ Դրանք հավանաբար չհայտնվեն էլ թերթերի ուշադրության կենտրոնում։ Արդյունքում, հաճախ կարծում ենք, որ այն ինչ անում ենք աննշան է և որևէ մեծ կարևորություն չունի։ Քչերը պիտի տեսնեն մեր ներդումն ու ծառայությունը և գնահատեն դրանք։ Նմանապես կարծում ենք, որ մեր սխալներն ու մեղքերը գաղտնի պիտի մնան և մարդիկ չպիտի իմանան դրանց մասին։


Սակայն Աստվածաշնչի այսօրվա ընթերցվածը՝ մեր Տեր Աստծո ամենատեսության ու ամենագիտության մասին, փարատում է այս թյուրըմբռնումը։ Մարգարեն գրում է. «Ո՛վ դու Ամենակալ, մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի» (Երեմիա 32.19)։


Արդարև, ոչ ոք և ոչինչ աննկատ ու աննշան չի մնում Արարչի կողմից: Եթե անգամ մարդիկ չեն տեսնում ու գնահատում մեր մտածումներն ու գործերը, ապա Աստված տեսնում է ամեն ինչ։ Ավելին՝ ամենագետ և ամենատես Աստված սոսկ դիտորդի դերում չէ: Նա հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի։ Երբ մարդիկ բարիք են գործում, Աստված պարգևատրում է նրանց առատապես, իսկ երբ չարիք՝ Աստված թույլ է տալիս, որ կրեն դրա հետևանքները:


Ուրեմն, միշտ հիշենք, որ Աստված տեսնում է ամեն ինչ, անգամ մեր սրտի խորքերում թաքնված խորհուրդներն ու ցնակությունները և վարձատրելու է մեր բոլոր գործերի համար, որոնք մարդիկ չեն էլ նկատում։ Տեր Հիսուս ասում է, թե նա ով «մեկին թեկուզ մի բաժակ սառը ջուր տա խմելու՝ իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի» (Մատթեոս 10.42):


Աստծո վարձատրության և հատուցման այս գիտակցությունը թող սթափեցնի նրանց, որոնք մեղքեր են գործում և միևնույն ժամանակ թող մխիթարություն բերի բոլոր նրանց սրտերին, որոնց գործերն անտեսված են մարդկանց կողմից, քանզի ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս է խոստանում. «Ահա շուտով պիտի գամ, և ինձ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի» (Հայտնություն 22.12)։

25 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page