top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ջախջախված եղեգն ու առկայծող պատրույգը



«Ձախջախված եղեգը նա չի ջարդելու և առկայծող պատրույգը չի մարելու»։ (Եսայի 42:3)


Եսայի Մարգարեի ժամանակ եղեգներն աճում էին գետի ափերին և հաճախ երեխաները խաղալիս կոտրում էին դրանք ու նետում ջրի մեջ։ Հազարավոր եղեգների մեջ մի քանի կոտրված եղեգները էական չէին, ավելին՝ դրանք այլևս պիտանի չէին սրինգ պատրաստելու և կամ մեկ այլ նպատակի համար։


Իսկ պատրույգը այն քուղն էր, կամ թելը, որը դրվում էր ձիթայուղի մեջ՝ կանթեղը վառելու համար։ Պատրույգը վառվում և լույս էր ճառագում այնքան ժամանակ, մինչև ձիթայուղը սպառվեր։ Դրանից հետո լույսն աստիճանաբար մարում էր, իսկ պատրույգն առկայծելով ծուխ էր արձակում։


Ջախջախված եղեգը և առկայծող պատրույգը գեղեցիկ պատկերներ են։ Եսայի Մարգարեն գործածում է դրանք որպես խորհրդանիշ նրանց համար, ովքեր դժվարությունների և նեղությունների ծանրության տակ կքել ու կոտրվել են, և կամ սպառվել ու մարում են։


Մարգարեության այս համարը, որը Մատթեոս Ավետարանիչը մեջբերում է մեր Տեր Հիսուս Քրիստոս վերաբերյալ (Մտթ.12:20), Աստծո խոստումն է, որ Օծյալ Փրկիչը պիտի հոգ տանի և մխիթարի անտեսվածներին, հոգով կոտրվածներին և ուժասպառներին։


Կյանքի դժվարությունների և դժբախտությունների քամին կարող է ջախջախիչ հարված հասցնել մեզ և անգամ մարել մեր տան ճրագը, սակայն երբ Փրկիչը գտնում է մեզ, խնամքով նորոգում է, փչում է թերահավատությունից մարող մեր պատրույգին, որպեսզի այն կրկին բոցավառվի։ Աշխարհը նմաններին դատապարտում է և վերջնականապես ջախջախում, իսկ Աստված բժշկում է ու վերականգնում։


Ուրեմն, երբ կոտրված և ուժասպառ ենք՝ ջախջախված եղեգի, կամ առկայծող պատրույգի նման, դիմե՛նք Աստծո միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Նա իր գթառատ սիրով կնորոգի մեր կյանքն ու կբոցավառի մեր առկայծող հույսը։

42 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page