top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Կյանքի հույսը



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 39-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Եզեկիելի մարգարեության գրքից է (37.1-14):


«Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա. դուրս բերեց ինձ Տիրոջ Հոգով և դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով։ Ինձ ոսկորների շուրջը ման տվեց։ Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, արդյոք կկենդանանա՞ն այդ ոսկորները»։ Ես ասացի. «Տե՛ր, Աստվա՛ծ, այդ դու գիտես»։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր այդ ոսկորների վրա և նրանց ասա՛. “Չորացա՛ծ ոսկորներ, լսե՛ք Տիրոջ պատգամները։ Տերը՝ Աստված, այդ ոսկորներին այսպես է ասում. “Ահա ես ձեզ վրա կենդանի շունչ եմ բերելու, ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրա միս եմ բերելու և ձեզ մաշկով եմ պատելու, ձեզ իմ հոգին եմ տալու, և դուք կենդանանալու եք։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը”» (Եզեկիել 37.1-6):

Եզեկիելի մարգարեության այս հոգեցունց հատվածը հայտնի է «չորցած ոսկորների հովիտ» անվամբ։ Իր Որդու աշխարհ գալուստից դարեր առաջ՝ Աստված խոսում է Եզեկիել մարգարեի հետ և նրան փոխանցում է հարության հույսը այս ազդեցիկ տեսիլքի միջոցով։ Աստված առաջնորդում է Եզեկիելին չորցած ոսկորների հովիտով և հարցնում է նրան. «Մարդո՛ւ որդի, արդյոք կկենդանանա՞ն այդ ոսկորները»։ «Տե՛ր, Աստվա՛ծ, այդ դու գիտես», պատասխանում է Մարգարեն։ Ապա Աստված հարություն է տալիս չորացած ոսկորներին, պատում է դրանք մարմնով և կենդանության շունչ պարգևում։ Եզեկիելը, ով սարսափած էր մահվան տեսիլքից, ականատես եղավ Աստծո զորությանը, որ կարող էր մահից կյանք ծնել։ Նա տեսավ հույսի հրաշքը։


Այդ հույսը հայտնվեց նաև Զատկի առավոտյան, երբ յուղաբեր կանայք այցելում էին Քրիստոսի գերեզմանը։ Նրանք ևս քայլում էին «մահվան հովիտով»՝ հուսահատ և վախվորած էին, որովհետև ներկա էին եղել Տեր Հիսուսի խաչելությանը և տեսել էին Նրա անշնչացած մարմինը։ Բայց կանանց դիմավորողը մահվան տեսիլքը չէր, այլ հարության և կյանքի ավետիսը՝ թափուր գերեզմանը։ Այն վանեց ամեն տեսակի երկյուղ և հուսադրեց յուղաբեր կանանց հույսով, որը պիտի հեղաշրջեր ողջ աշխարհը։


Արդարև, Աստված զարմանահրաշ կերպով իրականացրեց Եզեկիել մարգարեի տեսիքլը իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Աստծո Որդին եկավ աշխարհ, չարչարվեց, խաչվեց և մահացավ մեր մեղքերի համար և իր հարությամբ մեզ նոր կյանք պարգևեց։ Այնուհետև Աստծո Սուրբ Հոգին իջավ վերնատան մեջ նոր կյանքի շունչը պարգևելով մարդկությանը՝ Աստծո Խոսքի համաձայն, թե «ձեզ իմ հոգին եմ տալու, և դուք կենդանանալու եք։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը»


Ինչպես գեղեցկորեն նկարագրում է Ս. Պողոս առաքյալը. «Աշխարհում ապրում էիք առանց որևէ հույսի և առանց Աստծու, բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրով, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեր մեղքերի հետևանքով, մեզ վերստին կյանք տվեց Քրիստոսի հետ, որովհետև շնորհով փրկվեցինք (տե՛ս Եփեսացիներին 2.1, 4-5, 12)։

Հիսուս Քրիստոսի փրկագործությունը մեզ տրված մեծագույն ավետիսն է և հույսը, որ Աստուած իր զավակներին երբեք չի լքում։ Ամեն անգամ երբ քայլում ենք դժվարությունների, նեղությունների և անգամ մահվան հովիտներով, երբեք չկորցնենք մեր հույսը։ Մենք հարության փորձառությունը ունենք և գիտենք հույսի հրաշքը։ Ամենածանր փորձությունների մեջ անգամ ամուր կառչած մնանք այդ Հույսին, որի անունն է Հիսուս Քրիստոս։

32 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page