top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Խոնարհություն



«Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին։ «Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր։ Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. “Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։ Այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”։ Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. “Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս”։ Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած և ոչ թե մյուսը. որովհետև, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։ (Ղուկաս 18:9-14)


Այսօրվա ավետարանական ընթերցվածի՝ «Փարիսեցու և Մաքսավորի առակի» մեջ, մեր Տեր Հիսուս Քրիստոս ուսուցանում է խոնարհությամբ սեփական անձին ճշմարիտ գնահատական տալու մասին՝ ասելով. «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկաս 18։14)։


Իսկ ի՞նչ է խոնարհությունը: Արդյո՞ք խոնարհություն է անձը ցածրացնելը և նսեմացնելը: Միանշանակ ո՛չ: Մենք խոնարհության կարիքը չունենք մեզ ցածրացնելու համար, մեր մեղքերն այդ անում են մեր փոխարեն:


Քրիստոնեական խոնարհության գաղտնիքը հետևյալն է. լինել խաղաղության մեջ ինքդ քեզ հետ, ճանաչել, թե ով ես դու, տալ քո անձին ճշմարիտ գնհատականը` համեմտության մեջ դնելով քեզ միայն Աստծո հետ, թե ով ես դու Աստծո առաջ: Եվ երբ Աստվածճանաչողության լույսի մեջ տեսնում ես քո մեղավոր էությունը, Աստծո զոհաբերության մեծությունը քո փրկության համար` ակամայից հպարտ գլուխդ խոնարհվում է դեպի երկիր, դեպի հողը, որից ստեղծված ես` ասելու. «Տե՛ր, ների՛ր ինձ մեղավորիս»:


Ի դեպ, լատինական լեզուներում, ինչպես նաև անգլերենում խոնարհություն “humility” բառը ծագում է լատիներեն “humus” բառից, որը նշանակում է հող: Այսինքն` խոնարհությունը նաև այն պարզ գիտակցությունն է, որ մարդ արարածներս ստեղծված ենք հողից և մի օր նորից հող պիտի դառնանք: Տեսնո՞ւմ եք, հպարտանալու շատ բան չունենք:


Ուրեմն, Հեռու՛ մնանք փարիսեցու ինքնախաբեության և մեծամտության պատրանքներից և զարդարվե՛նք խոնարհության առաքինությամբ: Չնայե՛նք մեր շրջապատի մարդկանց, թե նրանք պահք պահում են, թե` ո՛չ, տասանորդ տալիս են, թե` ո՛չ, ապաշխարհում են իրենց մեղքերի համար, թե` ո՛չ: Փոխարենը համեմատե՛նք մեզ Աստծո հետ, ներհայեցողաբար անդրադառնանք ինքներս մեզ, մեղքի, չարության, անտարբերության և անհանդուրժողականության այն ճահճին, որի մեջ մխրճված ենք։


Այդժամ կաղոթենք Աստծուն այս պարզ բառերով. «Տե՛ր, ների՛ր ինձ մեղավորիս»։ Եւ թող որ մաքսավորի նման, Աստված մեր հանդեպ էլ լինի ներողամիտ և ողորմած, որպեսզի երբ դուրս գանք մեր մարմնից, ինչպես տաճարից, գնալու համար մեր հավիտենական տունը, գնանք արդարացած:

131 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page