top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Իմն է վրեժխնդրությունը



Կյանքն անարդար է։ Այո՛, կյանքն անարդար է, որովհետև աշխարհը մեղքի մեջ է թաթախված։ Բարի մարդիկ տառապում են, իսկ չարերը՝ բարգավաճում։ Անմեղ մարդիկ չարչարվում են և ենթարկվում տարատեսակ փորձությունների։ Վերջին մի քանի ամիսների մեր ժողովրդի տառապանքը դրա վկայություններից է։


Երբ հարցնում են. «Ո՞ւր էր Աստված, երբ կոտորում էին մեր զավակներին»։ Ես պատասխանում եմ. «Այն նույն վայրում, որտեղ Նա գտնվում էր իր Միածին Որդու խաչելության ժամանակ։ Նա սգում էր մարդու անմարդկայնության՝ իր նմանի նկատմամբ գազանական վերաբերմունքի վրա»։


Իսկ ինչո՞ւ Աստված չի վերացնում չարը։ Նա կարող է վայրկյանական և կատարելապես վերացնել մեղքն ու չարությունն աշխարհում։ Սակայն դա կլինի ոչ միայն մեր աստվածապարգև ազատության սահմանափակում, այլև՝ մեր վերջը, քանզի «Ո՞վ կարող է պարծենալ, թե անարատ սիրտ ունի, կամ ո՞վ կհամարձակվի ասել, թե անարատ է մեղքերից» (Առակաց 20:9)։


Աստված չի վերացնում չարն ու տառապանքը, քանզի չի ցանկանում մեղավորի մահը, այլ ժամանակ և առիթ է տալիս ապաշխարելու համար։ Սակայն Նա շատ լավ հիշում և մտապահում է իր զավակների հանդեպ գործված ամեն մի անարդարություն, ավելին՝ Նա «մեր արտասուքները տիկի մեջ է հավաքում, ահա դրանք Իր գրքի մեջ են» (հմմտ. Սաղմոս 55:8)։


Աստված սիրո և արդարության Աստված է։ Ի լրումն ժամանակի Նա վրեժխնդիր պիտի լինի ամեն մի անարդարության համար։ Ինչպես Աստվածաշնչում է ասում. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35, Հռմ. 12:19)։


Իսկ մենք չպետք է թույլ տանք, որ անարդարությունը, ցավն ու տառապանքը իշխող լինեն մեր կյանքում։ Աստված չի ցանկանում, որ մեր ողջ կյանքը վատնենք վշտի ու ցավի մեջ։ Այդ միայն ու միայն դառնություն պիտի բերի մեր սրտերին ու հոգիներին և ուրախություն՝ մեր թշնամիներին։


Արդարև, Աստված ավելին գիտի մեր մռայլ իրականության մասին, թե ի՛նչ պատահեց և ինչո՛ւ։ Նա պիտի վերականգնի արդարությունը և վրեժխնդիր լինի։ Վստահեք Նրան և սրտաբուխ աղոթքով հայցենք ուժ և կորով՝ շարունակելու համար մեր պայքարը հանուն մեր հայրենիքի խաղաղ ու բարօր կյանքի։ Աստծուն ապավինած՝ ազգովին համախումբ, համերաշխության և եղբայրասիրության ոգով վերակերտենք հայրենի մեր երկիրը և ապրենք ու արարենք մեր ու մեր զավակների լուսավոր գալիքի տեսիլքով։ Աստված պահապան հայոց ազգին։


178 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page