top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Եթե խոստովանենք



Վիեննայի կենտրոնում մի համեստ և գողտրիկ եկեղեցի գոյություն ունի, որտեղ թաղված են Ավստրիայի Հապսբուրգյան կայսերական ընտանիքի անդամները։


Ժամանակին, երբ կայսերական սգո թափորը ժամանում էր եկեղեցի, թակում էին դուռը։ Քահանան ներսից հարցնում էր. «Ո՞վ է ցանկանում ներս մտնել»։ Պահապաններից մեկն ասում էր. «Նորին առաքելական վսեմություն Կայսրը»։ Քահանան ներսից պատասխանում էր. «Ես նրան չեմ ճանաչում»։


Նրանք թակում էին երկրորդ անգամ և քահանան կրկին հարցնում էր, թե ո՛վ է։ Սգո թափորի պահապաններից մեկը պատասխանում էր. «Նորին գերազանցություն Ավստրիայի Կայսրը և Հունգարիայի Թագավորը»։ Երկրորդ անգամ քահանան պատասխանում էր. «Ես նրան չեմ ճանաչում»։


Երրորդ անգամ էին թակում դուռը և քահանան կրկին հարցնում էր. «Ո՞վ է»։ Երրորդ անգամ պատասխանը հետևյալն էր. «Քո մեղավոր եղբայրը»։ Այդժամ քահանան բացում էր եկեղեցու դռները և սգո թափորը ներս էր մտնում։


Հապսբուրգյան կայսերական ընտանիքի անդամներին թույլատրվում էր եկեղեցի մտնել և հուղարկավորել իրենց ննջեցյալներին՝ վերջիններիս մեղավոր լինելու փաստն ընդունելուց հետո միայն։


Արդարև, քրիստոնեական կյանքի էությունն այն է, որ նախ գիտակցենք մեր մեղքերը, իսկ այնուհետև դիմենք դեպի Աստված՝ ներում հայցելու համար, ով կարող է սրբել և մաքրել մեր անցյալը և մեզ նոր ապագա պարգևել։


Աստվածաշնչում Սուրբ Հովհաննես Առաքյալն ասում է. «Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա. Հովհաննես 1.9)։


Արդարև, մեղքի գիտակցությունն է և խոստովանությունը, որ բացում է հավիտենական կյանքի դռները մեր առաջ։ Ուրեմն, մենք ևս անցնենք հպարտությունից դեպի խոնարհություն այդ ճանապարհը՝ այդ ողջ ճանապարհի ընթացքին աղոթելով. «Տեր ներիրի ինձ բազմամեղիս»։

44 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page