top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Դանիելի աղոթքը


Այսօր Հայ Եկեղեցին նշում է Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք երիտասարդների հիշատակության օրը։


Իմ կարծիքով, Դանիելի մարգարեության գիրքը և նրա անձնական օրինակը մարդկային վախերը հաղթահարելու լավագույն ուղեցույցն է։ Սովորաբար, վախի մտատանջությունն առաջանում է այն ժամանակ, երբ մեր կյանքի իրավիճակներն ու հանգամանքները դուրս են գալիս մեր վերահսկողությունից։ Այդ ժամանակ մեր միտքը սկսում է վախ և անորոշություն առաջացնող «եթե»-ների և «ինչու»-ների խելահեղ վազքը։

Դանիելի գրքի 7 րդ գլխի 1-15 համարները լավագույն օրինակն են տալիս, թե ինչ անել նման անելանելի իրավիճակների մեջ, երբ անորոշությունն ու վախի տագնապը թակում են մեր դուռը։


Դարեհ արքան հրովարտակ էր հանել, որով մինչև երեսուն օր արգելում էր որևէ մեկին աղոթել, իսկ ով չենթարկվեր` պիտի նետվեր առյուծների գուբը։ Կարո՞ղ եք երևակայել վախի աստիճանը, որ այս հրովարտակն առաջացրեց մարդկանց սրտերում. մինչև առյուծների գուբն ընկնելը, նրանցից շատերն հավանաբար ընկան հուսահատության գուբը։

Սակայն Դանիելի պատասխանը այս հրովարտակին պարզապես հիացմունքի է արժանի.«Դանիելը երբ իմացավ, որ հրաման է եղել, մտավ իր տունը, իսկ նրա վերնատան պատուհանները բացված էին դեպի Երուսաղեմ։ Օրական երեք անգամ նա ծնրադրում էր և աղոթում, գոհություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես առաջ էր անում»։ (Դանիել 7:10)

Նման իրավիճակում մենք թերևս աղոթեինք. «Աստվա՛ծ, փրկիր ինձ», «Տե՛ր, օգնիր ինձ», «Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ», «Ո՞ւր ես, Աստված»։ Իսկ Դանիելի աղոթքն ամենևին այլ էր։ Նա օրական երեք անգամ ծնրադրում էր և գոհություն էր հայտնում իր Աստծուն, «ինչպես առաջ էր անում»։


Դանիելի աղոթքի մեջ երեք զորավոր ճշմարտություններ կան, որոնք արժե մտապահել և գործադրել մեր կյանքում, եթե ցանկանում ենք հաղթահարել մեր վախերն ու տագնապները։


1. Գոհաբանությունը պետք է նկարագիր դառնա, որովհետև 2. վախը հաղթահարվում է գոհաբանությամբ, որը 3. բխում է աներկբա հավատից:

1. Գոհաբանությունը պետք է նկարագիր դառնա


Դանիելի պատասխանը՝ հեթանոս արքայի հրովարտակին, գոհաբանական աղոթքն էր, որը հուշում է ընթերցողին, որ Աստծո նկատմամբ գոհունակության և կատարյալ վստահության զգացումը Դանիելի սրտի կիզակետում էր։ Դանիել մարգարեն ի զորու էր գոհություն հայտնել Աստծուն անգամ վտանգի մեջ, անկառավարելի իրավիճակներում, որովհետև այն սովորություն էր՝ «ինչպես առաջ էր անում», որը դարձել էր նրա նկարագիրը։

2. Վախը հաղթահարվում է գոհաբանությամբ։


Գոհունակ սիրտը Դանիելին օգնեց հաղթահարելու վախը։ Ոչ մի տեղ չի ասվում, որ Դանիելը փորձեց թաքնվել և կամ ինչ որ մի հնարամիտ ելք գտնել ու շրջանցել հրովարտակը։ Նա աղոթում էր իր պատուհանների առջև, որոնք դեպի Երուսաղեմ էին բացվում, և որտեղ բոլորը կարող էին տեսնել նրան։ Անշուշտ, Դանիելը ոչ թե անտեսում կամ ժխտում էր իրականությունը, այլ այդ իրականության մեջ իր հայացքն ուղղում էր առ Աստված։


3. Գոհաբանությունը բխում է աներկբա հավատով։


Դանիելի աղոթական կեցվածքը շատ բան է ասում նրա հավատքի մասին։ Նախ՝ նա աղոթում էր հայացքով դեպի Երուսաղեմ, համաձայն Սողոմոն արքայի պատգամի (Գ Թագ. 8:35-51), քանզի նա գիտեր, թե որտեղից պիտի գա իր օգնությունը՝ միմիայն Աստծուց։ Իսկ այդ կատարյալ վստահությունն ու հավատը արտահայտվում էին նրա ծնրադիր աղոթքի մեջ։ Դանիելը չվախեցավ և ծնկի չեկավ երկրավոր արքայի առջև, բայց խոնարհվեց երկնքի և երկրի Արարչի առջև, որովհետև Աստծո հանդեպ նրա հավատն ավելի զորավոր էր, քան վախի զգացումը։


Մենք ևս, Դանիել մարգարեի նման, հաճախ ենթարկվում ենք փորձությունների և հայտնվում ենք երկնտրանքի առջև՝ հարմարվել այս աշխարհի օրենքներին և չափանիշներին, թե` ծառայել Աստծուն։ Մեր հավատքն ամեն օր ուղղակի կամ անուղղակի հարձակման է ենթարկվում, և մեր հավատքն ու քրիստոնեական նկարագիրը պահելու համար տևական փորձության մեջ ենք:


Դանիել մարգարեի նմանողությամբ՝ միշտ հիշենք Աստծո սերը մեր նկատմամբ և մեր հավատքը վեր դասենք ամեն մի վախից ու հարձակումից, որպեսզի կարողանանք հաղթահարել մեր ճանապարհի յուրաքանչյուր խոչընդոտ և փորձություն։


Ծնկի գանք ու մեր հայացքները հառենք ոչ թե մեր ժամանակավոր խնդիրների, իրավիճակների կամ մարդկանց վրա, այլ` հավիտենական Աստծո, Նրա անսահման բարության ու սիրո վրա, և հարաժամ «գոհություն մատուցենք Տիրոջը, քանզի քաղցր է Նա, քանզի հավիտյան է ողորմությունը Նրա»։

378 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page