top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ավագ Երկուշաբթի



Այսօր Ավագ Երկուշաբթի է, և օրվա ավետարանական ընթերցումը հիշատակում է «Անպտուղ թզենու» պատմությունը:


Ս. Մատթեոս Ավետարանիչը գրում է, որ Հիսուս Բեթանիայում գիշերելուց հետո, առավոտյան Երուսաղեմ վերադառնալիս քաղց զգաց և ճանապարհին մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, բայց վրան տերևից բացի ոչինչ չգտավ: Հիսուս ասաց թզենուն. «Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս»: Եվ նույն պահին թզենին չորացավ (Մատթեոս 21.18-22):


Տերևալից, բայց պտուղ չունեցող այս թզենին խորհրդանշում է նրանց, ովքեր, արտաքնապես բարեպաշտ և հավատացյալ են ձևանում, սակայն բարի գործերի պտուղը չունեն։ Անվանական և ձևական քրիստոնեությունը դատապարտելի է և անարժան Աստծո Արքայությանը: «Հավատն առանց գործերի մեռած է», ասում է Հակոբոս Առաքյալը (Հակոբոս 2.26):


Քրիստոնեական իրական հավատը կենսունակ և պտաղբեր հավատ է: Այն ներթափանցում է մարդու ողջ էության մեջ և այլափոխում նրա կյանքը: Կենդանի, ճշմարիտ և անկեղծ հավատով ապրող մարդը գիտակցում է, որ ապրում է Աստծո ներկայության մեջ: Այսու, նրա մտածելակերպը, զգացումները, կյանքն ու գործերը արտացոլում են այս իրականությունը:


Ինչպես Ս. Պողոս Առաքյալն է գրում. «Նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում, ապրում և առաջնորդվում են Սուրբ Հոգով: Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարյացակամություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն» (հմմտ. Գաղատացիներին 5.22-25):


Արդարև, Աստված Իր Սուրբ Հոգու շնորհաբաշխությամբ մեզ բազում հնարավորություններ և առիթներ է տալիս պտղաբերելու, մեր հավատն ու հավատարմությունը Տիրոջ հանդեպ դրսևորելու և բարիք արարելու համար: Բայց հնարավորությունները հավերժ չեն: Մի օր պիտի կանգնենք Աստծո առաջ։ Եթե մեր բարի գործերի պտուղներով զարդարված լինենք, ապա կարժանանանք հավիտենական օրհնության, հակառակ պարագային՝ անպտուղ թզենու նման կընդունենք դատապարտությունը։


Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն, թե «այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատով խնդրեք կստանաք», սրտաբուխ աղոթքով խնդրենք Ամենողորմ Աստծուն, որպեսզի առատացնի մեր կյանքում Իր Սուրբ Հոգու պտուղները և մեզ արժանի դարձնի իր հավիտենական ուրախությանն ու երանությանը։

147 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page