top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աստված մեզ հետ



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 30-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Եսայու մարգարեության գրքից է (7.10-8.10):


Մերօրյա աշխարհիկ հասարակության ոգին հորդորում է. «վստահիր ուժերիդ», «դու կարող ես», «ապավինիր բազկիդ զորությանը»… Աշխատանքի մեջ համառության առնչությամբ այս խոսքերը թերևս արդարացված են, բայց ինչ վերաբերում է մեր երջանկությանը և փրկությանը, ապա դրանք սին խոսքեր են։ Մեր կյանքը մենք չենք վերահսկում և չենք կարող ինքներս մեզ փրկել։


Այսօրվա ընթերցվածի մեջ կարդում ենք, որ երբ Երուսաղեմը հարձակման էր ենթարկվել, Աստված խոստացավ Աքազ թագավորին փրկել նրանց: Սակայն Աքազը սեփական միջոցներով և հնարամտությամբ էր փորձում լուծումներ գտնել ստեղծված ծանր իրավիճակում: Աստծուն վստահելու փոխարեն, նա դիմեց Ասորեստանի արքային, որը հետագայում ևս հարձակվեց Երուսաղեմի վրա:

Երբ թագավորը կասկածեց Աստծո խոստմանը, Աստված ասաց նրան. «Նշա՛ն խնդրիր Տիրոջից՝ քո Աստծուց»: Աքազը նշան չխնդրեց, բայց այդուհանդերձ Աստված նշան տվեց. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն» (Եսայի 7.14): «Էմմանուել» անունը, որ նշանակում է՝ «Աստված մեզ հետ», հույսի նշան էր, բայց նաև ուսուցում՝ ամբողջանվեր կերպով վստահելու Աստծուն:


Եսայու մարգարեության այս տողերը կատարվեցին, երբ, ի տարբերություն Աքազ թագավորի, մահվան վտանգի առջև կանգնած մի դեռատի օրիորդ՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը, կատարելապես վստահեց Աստծուն։ Այսու, նրա փոքրիկը կոչվեց Էմմանուել՝ «Աստված մեզ հետ» (Մատթեոս 1.23): Նա ապավինեց Աստծուն, իսկ թագավորը՝ սեփական ուժերին:


Ո՞րն է մեր հույսի և փրկության աղբյուրը: Աքազի նման մենք չենք կարող ինքներս մեզ փրկել: Մեր բոլոր երջանկության և մեր փրկության միակ պատասխանը «Էմմանուելն» է, երբ աներկբա հավատում ենք, որ Աստված մեզ հետ է և վստահում ենք նրա խոստումներին:


Մատթեոսի Ավետարանը սկսվում և ավարտվում է Աստծո ներկայության ավետիսով։ Ավետարանի վերջին տողերը Տեր Հիսուսի խոստումն են. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28.20):


Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այս խոսքերը և Աստծո ներկայության գիտակցությունը թող մխիթարություն բերեն և զորացնեն մեզ այս կյանքի բոլոր դժվարությունների և նեղությունների մեջ։ Հավատանք ու գիտակցենք, որ Աստված միշտ մեզ հետ է և ապրենք ու արարենք նրա մշտամնա ներկայության մեջ։

82 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page