top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աստծո Ներկայությունը



Շարունակում ենք Սուրբ Ծննդյան ութօրեքի մեր խորհրդածությունների շարքը։ Այսօր նախավերջին՝ յոթերորդ օրն է, իսկ շարականը հետևյալն է.


«Հրաշագործ ծագում, որ ճառագեց Կույսից և լուսավորեց բոլոր արարածներին։ Երկինքը ցնծում էր և երկիրն ուրախանում, որ Քրիստոս Աստված մարդկանց մեջ շրջեց»։ (Ողր. Սուրբ Ծննդյան ԴՁ)


Հին Կտակարանում, մարդկանց մեջ Աստծո ներկայության վայրը համարվում էր Տաճարը։ Մինչդեռ Սողոմոն թագավորը, տաճարը կառուցելուց հետո, ասում է. «Մի՞թե Աստված բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկնքի անսահմանությունները քեզ բավական չեն, ապա ինչպե՞ս կարող է բավականացնել իմ շինած այս տունը»։ (Գ Թագ. 8.27)


Աստծո իրական ներկայությունը, որ չի կարող պարփակվել քարեղեն կամ փայտաշեն կառույցների մեջ, հայտնվեց Տեր Հիսուս Քրիստոսի անձի մեջ, ինչպես առաքյալն է ասում Նոր Կտակարանում. «Քրիստոսի մեջ է մարմնապես բնակվում Աստվածության ամբողջ լիությունը» (Կող. 2.9)։ Այսու, երբ Սուրբ Երրորդության երկրորդ անձը՝ Աստծո Միածին Որդին աշխարհ եկավ և մարդեղացավ, երկինքը ցնծում էր և երկիրն ուրախանում, քանզի «Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ» (Հովհ. 1.14):


Պատմում են, որ հին ժամանակներում բարեպաշտ արքաներից մեկը հաճախ ծպտված, որպեսզի իրեն չճանաչեն, շրջում էր ժողովրդի մեջ։ Երբ նրա պաշտոնյաները, անվտանգության նկատառումներով, խնդրում են այդպես չվարվել, արքան պատասխանում է. «Ես չեմ կարող կառավարել իմ ժողովրդին, եթե չգիտեմ, թե ինչպես է նա ապրում»։


Արդարև, քրիստոնեական հավատքի մեծագույն ուսուցումն այն է, որ մեր Տեր Աստված օտար մեկը չէ, Նա գիտի, թե ինչպես ենք ապրում, հասկանում է մեր ցավն ու տառապանքը, քանզի Նա եկավ աշխարհ, ապրեց մեց պես, սակայն առանց մեղքի, քաղցեց, արտասվեց, հալածվեց, տառապեց և խաչվեց մեզ համար։ Այսօր էլ, Աստծո ամբողջական ներկայությունը մեզ հետ է, և Քրիստոս Աստված շրջում է մարդկանց մեջ, որովհետև ինչպես Նա խոստացավ. «որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են իմ անունով, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ» (Մտթ. 18.20):


«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։

56 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page