top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աստծո բովանդակ սերը



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի վեցերորդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Ս. Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթից է (8.28-39).


«Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց. որովհետև համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է» (Հռմ. 8.37-39):


Այս պարբերության մեջ Առաքյալը թվարկում է մի քանի սարսափազդու իրականություններ, որոնց հանդիպում ենք կյանքում. մահվան վախը, անտեսանելի ուժերը, ներկայի դժվարությունները, անկանխատեսելի ապագան և այլն։ Հետաքրքրականն այն է, որ այս ցանկը Առաքյալն սկսում է «մահով»։ Այն թերևս ամենահավոր բանն է շատերի համար։ Բոլորս էլ մի օր պիտի առերեսվենք մահվանը։ Դրանցի փախուստ չկա։ Մարդիկ վախենում են մահվանից, քանի որ այն ծածկված է խորհրդավոր մշուշի մեջ։ Ոչ ոք չգիտի, թե երբ կամ ինչպես այն պիտի պատահի, և կամ ինչ պիտի լինի մեզ հետ մահից հետո։


Այս թվարկման մեջ «մահվանը» հաջորդում է «կյանքը»։ Սա կարող է տարօրինակ թվալ, սակայն անդրադառնում ենք, որ, բացի մահվանից, մնացյալ բոլոր վախերը հանդիպում ենք այս կյանքում։ Առաքյալը կարող էր բազում այլ բաներ թվարկել, որոնք վախեն առաջացնում այս կյանքում, և յուրաքանչյուր պարագային կարող էր ասել. «Այն չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է»։


Արդարև, եթե պատկանում ենք Հիսուս Քրիստոսին, վստահ գիտենք, որ Աստված մեզ հետ է ամեն պահ՝ Իր անսահման սիրով։ Մեր ձեռքը բռնած՝ Նա առաջնորդում է մեզ մեր բոլոր վախերի, դժվարությունների և փորձությունների միջով և ոչինչ չի կարող այս կյանքում, կամ հանդերձյալում զրկել Աստծո զավակներին իրենց Հոր սիրուց։


Չորս երեխաների հորը հարցնում են. «Ինչո՞ւ ես սիրում քո երեխաներին»։ Հայրն առանց վարանելու պատասխանում է. «Որովհետև նրանք իմն են»։ Այսպիսին է նաև Աստծո սերը մեր նկատմամբ։ Նա սիրում է մեզ, որովհետև մենք Նրանն ենք Հիսուս Քրիստոսով։ Մենք պատկանում ենք Նրան։ Մենք Նրա զավակներն ենք, և ոչինչ չի կարող մեզ օտարել Նրա սիրուց։ Ուր էլ որ գնանք, ինչի էլ որ առերեսվենք, ինչ դժվարության միջով էլ որ անցնենք, Աստված միշտ այնտեղ է մեզ հետ և մեզ համար՝ իր բովանդակ սիրով։


Ուրեմն, մեր կյանքի բոլոր դժվարությունների, նեղությունների, փորձությունների և բոլոր վախերին առարեսվելիս, ամուր կառչենք այս խոստմանը։ Վստահ քայլենք գիտակցելով այն ճշմարտությունը, որ մեր Երկնավոր Հայրը, ով կատարյալ սեր է, սիրում է մեզ հավիտենական սիրով։ Նրա սերը ավելի մեծ է քան մեր մեծագույն վախը։ Եվ ոչինչ այս տիեզերքում չի կարող մեզ բաժանել այդ սիրուց։

51 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page