top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Առաջին Լուսավորիչներ



Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր առաջին լուսավորիչների, հայոց եկեղեցու հիմնադիր առաքյալների Սուրբ Թադեոսի եւ Սուրբ Բարդուղիմեոսի տոնը։


Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների վկայությունը սոսկ պատմական նշանակություն չունի մեզ համար, որը փաստում է Հայոց Եկեղեցու առաքելական ծագումը:


Այո՛, մեր եկեղեցին առաքելական է, քանզի հիմնադրվել է առաքյալների կողմից և դավանում է առաքյալնների ուղղափառ վարդապետությունը։


Սակայն մեր եկեղեցին առաքելական է նաև իր էությամբ և այդ առաքելականությունը դրսևորվում է երեք հիմնական հատկանիշների միջոցով։ Այսօրվա տոնի օրհնության շարականը մատնացույց է անում առաքելական լինելու այդ երեք հատկանիշները։


Դիմելով առաքյալներին շարականագիր հեղինակն ասում է. «Երանելի սո՛ւրբ առաքյալներ՝ ի սկզբանէ հրավիրված և որովայնից ընտրված, սպասավո՛րներ, բարեկա՛մներ և վկա՛ներ Աստվածորդու, բարեխօսեցե՛ք Տիրոջը մեզ համար»:


Ա. Սպասավորներ


Առաքելական քրիստոնյա լինել առաջին հերթին նշանակում է լինել սպասավոր Աստծո կենդանի Խոսքի։ Ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է ասում իր Հաճախապատում ճառերի մեջ. «Կենաց Խոսքի և Արարչի կամքի սպասավորներ լինել՝ ճշմարիտ քարոզությամբ՝ չմոլորեցնող գիտությունը սփռել մարդկանց լսելիքներին և հորդորել բարի գործերի»։


Առաքյալ բառն ինքին նշանակում է առաքված, ուղարկված քարոզելու ավետարանը։ Ոմանք կարծում են, որ Աստծո Խոսքի տարածումը միայն հոգևորականների գործն է, սակայն մեր Տիրոջ առակները երկրի աղը լինելու (Մատթ. 5.13) և աշտանակի վրա դրված ճրագի (Մատթ. 5.15) մասին վերաբերում են բոլորիս։ Մկրտված յուրաքանչյուր քրիստոնյա Սուրբ Հոգուց կոչված է վկայություն բերելու, սփռելու Ավետարանի Բարի Լուրը իր սիրելիներին և ընտանիքին, հարևաններին և գործընկերներին, խոսքով և գործով։


Բ. Բարեկամներ


Սակայն Աստծո մասին խոսելուց առաջ պետք է նախ ճանաչել նրան, խոսել Աստծո հետ և ունկնդիր լինել նրա Աստվածային ձայնին։


Ինչպես Եզնիկ Կողբացի է գրում իր «Եղծ Աղանդոց» մատյանում. «Աստծո արժանիքների մասին ոչ ոք արժանի չէ խոսելու, բայց միայն Աստծո բարեկամները, ովքեր Նրա սիրո համար աշխարհային կյանքը արհամարհեցին՝ Աստծո նկատմամբ ունեցած կենդանի հույսով»։


Հիրավի, մենք ստեղծվել ենք Աստծո հետ մտերմության համար։ Աստված չի ցանկանում, որ մենք պարզապես իմանանք Իր մասին, այլ ճանաչենք իրեն և կատարենք Իր կամքը։


Խաչելությունից ընդամենը ժամեր առաջ, մեր Տերը վերնատան մեջ, շրջապատված իր աշակերտներով, դիմում է նրանց վերջին անգամ ասելով. «Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ։ Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ։» (Յհ 15:15)


Աստծո հետ մտերմության ճանապարհը Նրա պատվիրանների գործադրումն է, հարատև աղոթքը և Աստծո կենդանի Խոսքի խոկումը, երբ մարդ, ինչպես առաքյալները, ապրում և գործում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ և Աստծո ներկայության մեջ։


Գ. Վկաներ


Եվ վերջապես, առաքելական լինել, նշանակում է լինել վկա։ Վկա բառը հունարեն marturos բառի թարգմանությունն է, որ նշանակում է նաև նահատակ, խոստովանող։


Մատթեոսի ավետարանի մեջ մեր Տերը զգուշացնում է մեզ ասելով. «Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է։ Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»։ (Մտ 10:32-33)


Վկա են անվանվում բոլոր նրանք, ովքեր վկայում են իրենց հավատքը, խոստովանում և դավանում Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի և Տեր իրենց կյանքի գնով, իրենց մահվան գնով։


Մեր եկեղեցին դարեր շարունակ այս երեք հատկանիշներն է դարձրել իր առաքելության առանցքը և դրա համար էլ իրավամբ կոչվում է առաքելական։


Մեր հայրերը Աստծո կենդանի խոսքի անխոնջ սպասավորներն էին։ Թերթատեք մեր հարուստ մատենագրական ժառանգությունը, և կտեսնեք, թե ինչպես են մեր եկեղեցու Սուրբ Հայրերը ջանադրաբար սպասավորել և մատռվակել Աստծո կենարար խոսքը մեր ժողովրդին։


Ընթերցեք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ապաշխարհության շարականները, Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթագիրքը, Սուրբ Ներսես Շնորհալու և Հովհաննես Գառնեցու աղոթքները և կհասկանաք, թե ինչպիսի ջերմ աղոթական մտերմություն են ունեցել մեր սուրբ հայրերը Աստծո հետ, իրենց սրտի խորքերից բխած խոսքը ուղղելով Ամենասուրբ Երրորդությանը։


Եվ այս ամենը նրանք արել են իրենց կյանքի գնով և իրենց մահվան գնով, խոստովանելով և դավանելով մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին ի հեճուկս պարսկական հալածանքների, արաբական նվաճումների, սելջուկ-թուրքական արշավանքների, մոնղոլ-թաթարական ասպատակությունների և օսամնյան թուրքերի կոտորածների և ցեղասպանության։



Սիրելիներ,


Այսօրվա խորհրդին համապատասխան Ամենայն Հայոց Հայրապետը եկեղեցական հանդիսավոր թափորով Մայր Տաճար է բերում աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որի վրա դրոշմված են մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար արյան հետքերը։


Տիրոջը խոցած Գեղարդը իր ձեռքերով շոշափած մեր ազգը դիմակայել և հաղթահարել է պատմության դաժան փորձությունները և շարունակ խոստովանել իր առաքելական հավատքը այն խոսքի համաձայն, թե. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը... Բայց այս բոլորից է՛լ աւելի յաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ»։ (Հռ 8:35-37)


Սիրելի քույրեր և եղբայրներ, Աստված սիրեց մեզ և մեր ազգին՝ օծելով որպես առաքելական քրիստոնյաներ։ Եվ այսօր մենք ենք կոչված ապրելու մեր եկեղեցու առաքելականությունը։ Մեզանից յուրաքանչյուրը կոչված է լինելու սպասավորը Աստծո խոսքի, Նրա հետ աղոթական մտերմության և Նրա Սուրբ Անվան վկայության և խոստովանության։


Եկեք ուրեմն, միասին աղոթենք և հայցենք Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի բարեխոսությունը, որպեսզի նրանցից ստացած մեր սուրբ հավատքը և առաքելական կոչումը շարունակի արդյունավորվել մեր ժողովրդի մեջ ի փառս Ամենասուրբ Երրորդության և ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։


Շնորհք, սէր եւ խաղաղութիւն եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանս։ Ամէն


Մեսրոպ Վարդապետ Պարսամյան

Քարոզ՝ խոսված Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս Առաքյալների տոնին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին – Նոյեմբեր 30, 2019թ.

290 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page