top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Առաջավորաց Պահք



Այսօր Հայոց Եկեղեցում Առաջավորաց Պահքի Բարեկենդանն է։ Սա նշանակում է, որ այսօր երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է Առաջավորաց Պահքը, որը տևում է հինգ օր՝ մինչև հունվարի 29-ի երեկոյան ժամերգությունը։


Մեր նախածնողների մասին մի շատ հուզիչ պատմություն է հանդիպում Հին Կտակարանի պարականոն գրքերի մեջ։ Երբ Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից և կորցրեցին Աստծո ներկայությունը, առաջին անգամ տեսան մթությունը, զգացին ցուրտը և ապրեցին միայնության դառն զգացումը։ Նրանք պահքով և արտասուքով հինգ օր շարունակ սգում էին դրախտի դռների առաջ։ Վստահաբար նրանք սգում էին ոչ այնքան եդեմական պարտեզի և նրա դրախտային գեղեցկության կորստի համար, որքան Աստծո ներկայությունից, Նրա հետ ուղղակի հաղորդակցությունից զրկվելու համար։


Սա մարդկության պատմության մեջ առաջին պահքն էր, որի հիմքի վրա էլ, համաձայն Ավանդության, Ս. Գրիգոր Լուսավորիչը հաստատել է Հայոց Եկեղեցու առաջին պահքը։ 301թ.ին Խոր Վիրապի գուբից դուրս գալուց հետո, Լուսավորիչ Հայրապետը պատվիրում է Տրդատ թագավորին, արքունիքին և ժողովրդին մկրտությունից առաջ հինգ օր պահք պահել, որն այսօր հայտնի է «Առաջավորաց Պահք» անվանումով։


Այսու, Առաջավորաց Պահք անվանումը կապվում է և՛ մարդկության պատմության մեջ առաջին՝ նախածնողների պահքի հետ, և՛ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված առաջին պահքի հետ։


Առաջավորաց Պահքը հատուկ է միայն Հայոց Եկեղեցուն։ Թեև, պետք է նշել, որ առաջին դարերում քրիստոնեական եկեղեցում մկրտությունից առաջ հինգ օր պահք պահելու սովորություն կար։ Պահեցողության այդ շրջանը կոչվում էր «Երախայից Պահք»։ Վաղ Եկեղեցում «Երախա» համարվում էին նրանք, ովքեր պատրաստվում էին ընդունելու Սուրբ Մկրտության խորհուրդը։ Երախայից Պահքի իմաստը մկրտությունից առաջ մարդկային հինգ զգայարանների մաքրությունն էր։


Հայոց Եկեղեցում Առաջավորաց Պահքը սկսում է Մեծ Պահքից երեք շաբաթ առաջ։ Այս օրերի ընթացքում տոնացույցի մեջ ամենօրյա սուրբգրային ընթերցվածքներ չկան, որովհետև, համաձայն եկեղեցու հայրերի, այս պահքը հիմնադրվել էր և պահվել նախահայրերի կողմից, ովքեր ապրել են Գրություններից՝ Օրենքից, Իմաստության գրքերից և Մարգարեություններից առաջ։

Առաջավորաց Պահքը անդրադարձումի, ինքնաքննության և ապաշխարության հինգ օրերի շրջան է։ Պահեցողությունը՝ կենդանական սննդից և վատ սովորություններից հրաժարումը, աղոթքը և ողորմությունը, մեզ պատրաստում են խոկման՝ անդրադառնալու, որ առանց Աստծո ներկայության մենք խավարի մեջ ենք։ Նա, ով հանդիպում է Աստծուն Սուրբ Հոգով և այնուհետ մեղքի պատճառով զրկվում է այդ շնորհից, անցնում է Ադամի և Եվայի տառապալից փորձառության միջով։

Աստված Հովել մարգարեի միջոցով հորդորում է. «Եվ արդ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, դարձե՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, պահքով, լալով ու կոծելով։ Պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե հագուստները և դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն» (Հովել 2.12-13)։


Արդարև, միայն այս ճանապարհով մենք կարող ենք վերականգնել մեր հաղորդակցությունն Աստծո հետ և վերագտնել կորուսյալ դրախտը։ Պահքի, ողորմության և աղոթքի միջոցով դառնում ենք դեպի Աստված, հաղորդակցվում ենք Նրա հետ, արտահայտում ենք մեր սերը և ներում հայցում, քանզի հավատում ենք և գիտենք, որ Աստված «ողորմած է և գթած, համբերատար և բազումողորմ և պատրաստակամ ներելու» (Հովել 2.13)։

66 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page