top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Անվանակոչություն



Անունները կարևոր են մեր կյանքում: Մեզանից յուրաքանչյուրն իր ծննդյան օրից ունի մի անուն: Մենք մեծ խնամքով ենք ընտրում մեր երեխաների անունները՝ այդ անվան միջոցով արտահայտելով այն պատմական հիշողությունը, որ կապված է մեր և մեր սիրելիների կյանքի հետ: Օրինակ, մեր երեխաներին կոչում ենք մեր ծնողների անունով` փորձելով նրանց անձի մեջ ապրեցնել մեր ծնողներին։ Ցանկանում ենք, որ նրանք դառնան ընտանեկան ավանդության անընդհատելի շարունակությունը` ժառանգները:


Երբ խոսում ենք մարդկանց հետ և չենք հիշում նրանց անունը, - ձեզ հետ հավանաբար պատահած կլինի, ինձ հետ պատահել է, - անհարմար վիճակում ենք հայտնվում։ Իրապես, սա մեծագույն վիրավորանք է անձի հանդեպ, ում ճանաչում ես և ում հետ խոսում ես, սակայն մոռացել ես նրա անունը:


Պատմությունը լի է հանրաճանաչ և նշանավոր մարդկանց անուններով, ովքեր իրենց ժամանակի մեջ, թվում էր, թե աշխարհի տիրակալներն էին և հեղաշրջում էին աշխարհի ընթացքը։ Սակայն պատմությունը վկայում է և մենք էլ այսօր կարող են փաստել, որ այդ մարդիկ նման էին պարզապես մարող ընկնող աստղերի: Նրանք մի որոշ ժամանակի համար ծագեցին հորիզոնի վրա, փայլատակեցին, սակայն շատ չանցած մարեցին, մահացան և անհետացավ նրանց հիշատակը:


Ժամանակը՝ մարդու անվան և մարդկային փառքի մեծագույն կործանիչն է: Ժամանակի բովի մեջ մարդու անունը չորանում, թառամում է, լավագույն դեպքում՝ գերեզմանվում գրադարակներում դրված փոշոտ գրքերի էջերի մեջ: Որոշ մարդկանց անուններ հիշվում են պատմության գրքերի մեջ, որոնցից շատերն էլ այսօր գտնվում են անտարբերության փոշիների շղարշի տակ:


Ամեն անգամ, երբ գնում ենք գերեզմանատուն, գերեզմանոց, մահվան այդ լուռ քաղաքը, անդրադառնում ենք, թե ինչքան անժամանակավոր, ինչքան անցողիկ է այս կյանքը: Այնտեղ հանգչում են ամենատարբեր մարդիկ` հզոր եւ տկար, հարուստ եւ աղքատ, իշխան եւ շինական, ովքեր սակայն ունեն մեկ ընդհանուր բան` նրանց բոլորի անունները գրված են քարերի վրա` մեկինը մի քիչ գեղեցիկ, մյուսինը մի քիչ համեստ, բայց բոլորն էլ՝ քարերի վրա: Աշխարհի բոլոր անունները մի օր գրվելու են քարի վրա և սա պատմության անվիճելի վկայությունն է։ Ո՛չ ոք հավիտենական չէ, ո՛չ մեկի անունը անմահ չէ։ Այն մարդիկ, որոնք այսօր ծափահարվում են, այն անունները, որոնք այսօր կոչվում են աստղեր, վաղը մոռացության պիտի մատնվեն և պիտի փոշիանան…


Ի տես մարդկային մեծագույն այս ողբերգության, մեր Երկնավոր Հայրը, Տեր Աստված, շուրջ երկու հազար տարի առաջ աշխարհին տվեց մի անուն, որին աշխարհը եւ մարդկությունը շատ էր սպասել: Այդ անունն է Հիսուս Քրիստոս:

Անցյալ շաբաթ տոնախմբեցինք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, իսկ այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչությունը: Դրա համար քարոզս սկսեցի մարդկային անունների կարևորության, բայց և վաղանցիկության մասին։ Իսկ հիմա ցանկանում եմ անդրադառնալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ անվան նշանակությանը:


Այսօրվա Ավետարանը տարվա ընթացքում Սուրբ խորանից ընթերցված ավետարանական հատվածներից ամենակարճն է, ընդամենը մեկ նախադասություն: Ղուկաս Ավետարանիչն ասում է. «Եւ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում»։ (Ղուկ 2.21)


Մենք իբրև զավակներ հնարավորություն չունենք մեր անվան ընտրության մեջ. մեզ անվանակոչում են մեր ծնողները, սակայն իբրև ծնող՝ մենք ենք, որ անուն ենք ընտրում մեր զավակների համար: Հիսուսի պարագային տարբեր էր, Հիսուսի անունը երկրային՝ իր ծնողների կողմից ընտրված չէր։ Հիսուսի անունը երկնային էր, Աստծո հրեշտակի կողմից պատգամված. «ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում»:


«Հիսուս» անունը ներկայացնում է, թե ո՛վ է Աստծո մարդացյալ Որդին և նկարագրում է Նրա առաքելությունն այս կյանքում։ Հիսուս թարգմանաբար նշանակում է Փրկիչ կամ Տերը փրկում է, իսկ թե ինչի՛ց է փրկում մեզ Քրիստոս, բացատրում է ավետաբեր հրեշտակը. «Նա Հիսուս պիտի կոչվի, որովհետև նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից» (Մատթ. 1:21):


Մեր հավատքն ուսուցանում է, որ նախահայր Ադամի մեղսագործությունից սկսյալ մարդկությունը գտնվում էր մեղքի իշխանության տակ և արժանացել էր մահվան դատապարտությանը, ինչպես որ Աստված նախապես զգուշացրել էր Ադամին. մեղքի պատիժը մահն է։ Հիսուսի անձի միջոցով, Նրա ծննդյան, չարչարանքների, խաչելության, մահվան և հարության միջոցով մենք ազատվեցինք, փրկվեցինք մահվան դատապարտությունից:

Մարդկությունը ի վիճակի չէր քավելու իր մեղքը: Քրիստոսից առաջ եղան բազում մարդիկ, մի շարք անուններ՝ արդարներ, մարգարեներ, նահապետներ. ամեն մեկը ջանաց բուժել մարդկության վերքերը, սակայն ապարդյուն. մեղքը բազմել էր մարդու սրտի մեջ և չէր ուզում զիջել իր գահը:


Եւ Աստված ուղարկեց Իր Միածին Որդուն, ով չարչարվեց և խաչվեց մեր փոխարեն, մահացավ և մահվան դատավճիռն ընդունեց մեր փոխարեն և մեզ փրկություն պարգևեց: Գոյաբանական իմաստով այս աշխարհի մեջ մեր մեղանչական բնությունը վերագտնում է իր նախկին սրբությունը և փրկվում է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով:


Իսկ էաբանական առումով, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը վերականգնեց մեր անձնական հարաբերությունը մեր Երկնավոր Հոր հետ։ Աստծուն սկսեցինք կոչել Հայր, իսկ Աստված մեզ կոչեց որդիներ: Հիսուս Քրիստոսի փրկությունը մեզ պարգեւեց ընտանիք: Մենք այլևս առանձին մակույկներ չենք կյանքի ալեկոծ ծովի մեջ, այլ միասին մի համայնք ենք, մի եկեղեցի, Աստծո ժողովուրդ:


Հուսկ, Քրիստոսի փրկագործությունը մեր կյանքին իմաստ պարգևեց։ Այլևս ինքնանպատակ չենք ապրում, այլևս ծրագրեր չենք կազմում ինքներս մեզ համար, մեր փառքի համար, այլ՝ իբրև քրիստոնյաներ ապրում ենք մեր Երկնավոր Հոր համար, մեր Երկնավոր Հոր հետ։ Ապրում և արարում ենք Նրա սիրուց մղված և Նրա սիրո համար:


Եսայու մարգարեության մեջ Աստված խոսում է իր ժողովրդի հետ և ասում. «Մի՛ վախեցիր, որովհետեւ փրկեցի քեզ եւ կոչեցի քեզ քո անունով, թէ իմն ես։ Եթէ ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կը լինեմ, եւ գետերը քեզ չեն խեղդի.եթէ կրակի միջով անցնես՝ չես այրուի, եւ նրա բոցը քեզ չի կիզի. քանզի ես եմ քո Տէր Աստուածը՝ Իսրայէլի սուրբը, որ պիտի փրկեմ քեզ »: (Ես 43:1-3)


Ինչ հոգեթով տողեր, ինչ հուսադրող խոսքեր… Աստվա՛ծ է խոսում է իր ժողովրդի հետ, այսօր խոսում է մեզ հետ և քաջալերում՝ ասելով. «Մի՛ վախեցեք ոչ մի բանից, Ես ձեզ հետ եմ ամեն օր, ամեն ժամ։ Անցե՛ք հուսահատության, հիվանդության գետերի միջով, սակայն չեք խեղդվի, որովհետեւ Ես ձեր կողքին եմ: Քայլեք ատելության, նեղության, թշնամանքի, բամբասանքի, չարախոսության կրակի միջով, սակայն չեք այրվի, որովհետեւ Ես եմ ձեր ապավենը և ձեզ պիտի փրկեմ»:


Մարգարեության այս հատվածը հուշում է նաև մի շատ կարևոր իրականության մասին. Աստված մեզ կանչում է անունով է, Աստված գիտի մեզանից յուրաքանչյուրի անունը. «Ես անունով քեզ պիտի կանչեմ, որովհետեւ դու Իմն ես, Ինձ ես պատկանում»: Մենք մեր Հոր սիրելի որդիներն ենք և պատկանում ենք Նրան: Աստված է մեր Տերը և միայն Աստված է, որ փրկում է մեզ:


Իսկ ի՞նչ է պահանջվում մեզանից Աստծու այս ամենամեծ ողորմության, Աստծու այս անսահման սիրուն ի դիմաց։ Ի՞նչ է կամենում Աստված մեզանից:


Լսե՞լ եք, երբ երեխան տանից դուրս է գալիս, օրինակի համար գնում է դպրոց, ծնողներն ասում են. «Զավա՛կս, ծնողներիդ անունը բարձր կպահես», կամ երբ երիտասարդը արտասահման է գնում ուսանելու կամ աշխատելու, ասում են. «Հայի անունը բարձր կպահես»: Ահա թե ինչ է պահանջվում մեզանից յուրաքանչյուրիցս. մեր Հոր անունը բարձր պահել, մեր ընտանիքի, մեր եկեղեցու պատիվը բարձր պահել, ինչպես որ ասում ենք Տերունական աղոթքի մեջ. «Թող սուրբ լինի Քո անունը, Հա՛յր»:


Իսկ ինչպե՞ս է սրբաբանվում մեր Հոր անունը, ինչպես է բարձր պահվում մեր Հոր անունը, եթե ոչ մեր հավատքի, մեր առաքինասեր վարքի և բարի գործերի միջոցով:


Ընկերներիցս մեկը պատմում է, որ իր փոքրիկ աղջնակը, երբ սովորում էր դպրոցի տարրական դասարանում, ամեն անգամ տուն էր վերադառնում՝ մի փոքրիկ ջրաներկ կամ գծանկար ձեռքին։ Այդ նկարի տակ իր անվան կողքին գրված էր որևէ մեկի անունը, ում երեխան շատ էր սիրում` իր հոր կամ մոր անունը. «Սա քեզ համար եմ արել»,- հպարտորեն ասում էր երեխան։

Սա ինձ հիշեցնում է Պողոս առաքյալի հետևյալ խոսքը. «Եւ ինչ որ անեք խոսքով և գործով, բոլորն արե՛ք Տեր Հիսուսի անունով. գոհությո՛ւն մատուցեցեք նրանով Աստծուն և Հորը։ (Կող. 3.17)


Փոքրիկ աղջնակի նման, ով իր որևէ ստեղծագործություն նվիրում էր իր սիրելի անձանց, ծնողներին, մենք նույնպես, մեր ստեղծագործությունները նվիրենք մեր երկնավոր Հորը, մեր սիրելի Հորը: Ինչ-որ ձեռնարկենք, սիրելինե՛ր, ձեռնարկենք Հիսուս Քրիստոսի անվան համար, Աստծո փառքի համար։ Աստծո անունը բարձր պահենք, չէ՞ որ Աստված, որպես սիրող Հայր, միշտ մեր կողքին է և Նա փրկում է մեզ ամեն տեսակ փորձանքներից, նեղություններից, ամենատարբեր հիվանդություններից, դժվարություններից ու հուսահատությունից:


Այս տարեսկզբին, երբ բացել ենք մեր կյանքի տարեգրքի առաջին էջերը, որոնք պիտի լեցվեն բազում իրադարձություններով ողջ տարվա ընթացքում, եկեք առաջին իսկ ճերմակ էջի վրա մեծատառերով գրենք. «Նվիրում եմ իմ Երկնավոր Հորս և իմ Տեր Հիսուս Քրիստոսին», որին վայել է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ և միշտ եւ հավիտյանս հավիտենից. Ամեն:

Մեսրոպ վարդապետ Պարսամյանի քարոզը՝ խոսված Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնին, 13 հունվարի, 2013թ.

519 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page