top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Անճառելի Խոնարհություն



Բարի լույս, սիրելինե՛ր։ Շարունակում ենք Սուրբ Ծննդյան ութօրեքի մեր խորհրդածությունների շարքը։ Այսօր երրորդ օրն է, իսկ շարականը հետևյալն է.


«Փառքի Թագավոր, Քո անճառելի խոնարհությամբ մարմնացար մարդկային ցեղի փրկության համար, մեղքի պատճառով մահվան դատապարտվածիս նորոգիր հավիտենական կյանքիդ համար, ամենքին ապրեցնող Քո գալստյամբ մարդասիրաբար ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ» (Ողր. Սուրբ Ծննդյան ԴԿ):


Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքը՝ մսուրից մինչև խաչելություն, խոնարհության, հնազանդության և անձնուրաց նվիրումի մի ճանապարհ էր։ Աստծո Որդին «ինքն իրեն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման դառնալով և մարդկային տեսքով հայտնվելով» (Փիլիպ. 2.7)։ Շարականագիր հեղինակն այն անվանում է «անճառելի խոնարհություն», որին մարդկային սահմանափակ միտքը երբևէ չի կարող հասու լինել։


Տիեզերքի պատմության մեջ խոնարհության մեծագույն դրսևորումը Աստծո Միածին Որդու մարդեղացումն էր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ և ծնվեց ոչ թե շքեղաշուք պալատներում կամ ապարանքներում, այլ՝ խոնարհ մի քարայրում, քանզի նա «չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը շատերի փոխարեն որպես փրկագին տալու» (Մատթ. 20.28):


Ուրեմն, ինչպես որ մեր Տեր Հիսուս Քրիստոս խոնարհությամբ, հնազանդությամբ և անձնուրաց նվիրումով ամբողջապես կատարեց Հայր Աստծո կամքը և «դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց անուն, որ վեր է բոլոր անուններից» (Փիլիպ. 2.9), - այնպես և մենք «խոնարհվե՛նք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա մեզ բարձրացնի» (հմմտ. Ա Պետրոս 5.6)


«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։

27 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page