• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Օրհնության ճանապարհը



«Եթե լսես Տիրոջ՝ մեր Աստծու պատվիրանները, որ ես այսօր հաղորդում եմ քեզ, սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրենքները, նրա պատվիրաններն ու նրա կանոնները, կապրեք ու բազմամարդ կլինեք, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քեզ ողջ երկրում» (Բ Օրինաց 30.16)։


Աստվածաշունչ Սուրբ Գրքի այս հիասքանչ հատվածի մեջ ամփոփ նկարագրվում է, Աստծո օրհնությունները ստանալու ճանապարհը։ Այն շատ պարզ է, ընդամենը երեք բայ՝ սիրել, ընթանալ և պահել։ Դրանք գործադրելով միայն կարժանանք Աստծո անսահման օրհնություններին։


Ա. Սիրել - Սիրենք մեր Տեր Աստծուն։ Սերն ընտրություն է, բայց չենք կարող սիրել մեկին, ում լավ չենք ճանաչում։ Որքան ավելի լավ ճանաչենք Աստծուն, այնքան ավելի պիտի սիրենք Նրան, քանի որ Նա անսահման բարություն է և կատարյալ սեր։ Երբ ժամանակ ենք տրամադրում Նրա հետ լինելու, ընթերցում ենք Նրա Խոսքը, ապրում ենք Նրա ներկայության մեջ, այդժամ մեր սերը Նրա հանդեպ աճում և զորանում է։


Բ. Ընթանալ - Ընթանանք «նրա ճանապարհներով» և ոչ թե մեր։ Աստծո ճանապարհը անանձնական է։ Աշխարհը սովորեցնում է մեզ լինելու անձնակենտրոն։ Այսօր գրեթե բոլոր գովազդային հոլովակները մեր անձի և մեր բարեկեցության մասին են։ Մարդու ողջ ուշադրությունը նախ իր անձն է։ Աստծո ճանապարնը, սակայն, մեր մասին չէ։ Այն նախ և առաջ ուղղորդում է մեզ դեպի Աստված և դեպի մեր մերձավորը՝ գտնելու անանձնական և անսպառ ուրախությունը։


Գ. Պահել - Պահենք Նրա պատվիրանները, օրենքները և կանոնները։ Իսկ այդ բոլորի մեջ ամենակարևորը, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս է ասում. «”Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով”։ Այս է ամենամեծ ու գլխավոր պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. “Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ”։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքն ու մարգարեները» (Մատթեոս 22.37-40)։


Այսու, եթե սիրենք Աստծուն, Նրա ճանապարհով ընթանանք ու նրա պատվիրանները պահենք, ապա, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Աստված կօրհնի մեզ ողջ երկրում»։ Արդարև, Աստված ցանկանում է օրհնել մեր կյանքը, որպեսզի մենք ևս օրհնություն դառնանք ուրիշների համար, մեր հայրենիքի համար։ Ընտրությունը մերն է:

5 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.