Ս. Թադեոս և Ս. Սանդուխտ
- Bishop Mesrop Parsamyan
- Jul 25, 2020
- 1 min read

Այսօր Հայոց Եկեղեցին տոնում է Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակը:
Ս. Թադեոս առաքյալը Հայոց Եկեղեցու հիմնադիր առաքյալներից մեկն է, իսկ Ս. Սանդուխտը՝ առաջին հայ քրիստոնյա նահատակը:
Առաջին դարում Հայաստանը հեթանոս թագավորություն էր, որտեղ իշխում էին Արշակունյաց արքայատոհմի թագավորները։ Նրանք ամուր կառչած էին իրենց հեթանոսական կրոնին ու ծիսակարգերին։
Հեթանոս կռապաշտության խավարը ցրեցին Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալները, ովքեր, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո, բերեցին Ավետարանի լույսը Հայաստան աշխարհ։
Ս. Թադեոսը նախ քարոզեց Քրիստոսի Ավետարանը Միջագետքի Եդեսիա (Ուռհա) քաղաքում, որտեղ բազմաթիվ հրաշքներ գործեց և բժշկեց Աբգար թագավորին, ապա անցավ Հայոց Արտազ գավառի Շավարշան գյուղաքաղաք, որտեղ Սանատրուկ թագավորի ամառանոցն էր: Առաքյալի քարոզչությամբ շատեր դարձի եկան և մկրտվեցին, նրանց թվում նաև հայոց արքայադուստր Սանդուխտ կույսը:
Այս մասին իմանալով` հայոց Սանատրուկ արքան սկզբում հորդորեց դստերը ետ դառնալ նախկին հավատին, սակայն՝ ապարդյուն: Զայրացած արքան թե՛ Թադեոս առաքյալին և թե՛ Սանդուխտ կույսին բանտ նետեց և դաժան տանջանքների ենթարկեց: Հոր քնքուշ խոսքերը և ոչ էլ նրա սպառնալիքները չկարողացան ետ դարձնել իշխանուհուն քրիստոնեական իր հավատից: Ի վերջո, տեսնելով իշխանազուն կույսի անդրդվելի կորովն ու հավատքը, Սանատրուկը հրամայեց սպանել նրան: Երեք օր Սանդուխտի մարմնի վրա երկնքից իջած լույս էր տարածվում: Նրան թաղեց Ս. Թադեոս առաքյալը, որից հետո ինքը ևս նահատակվեց արքայի հրամանով:
Սուրբ Թադեոս առաքյալի գերեզմանը գտնվում է Արտազ գավառում (ներկայիս Իրանի Ատրպատական գավառի արևմտյան կողմը): Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվեց Ս. Թադե վանքը:
Ս. Սանդուխտ կույսի գերեզմանը երկար ժամանակ անհայտ էր: Տարիներ անց Կիրակոս անունով մի միայնակյացի տեսիլքով հայտնվում է գերեզմանի տեղը: Պատրիարք Մաղաքիա Օրմանյանի վկայության համաձայն, Ս. Սանդուխտ կույսի գերեզմանը գտնվում է Նարեկավանքում, որի գլխավոր եկեղեցին կոչվում է Ս. Սանդուխտ:
«Սուրբ Թադեոս և Սուրբ Սանդուխտ, բարեխոսեցեք Տիրոջը Հայաստան աշխարհի և մեր ազգի համար»։
Comentarios