Այսօր Հայոց եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Սբ. Էջմիածին Մայր Տաճարի հիմնադրման տոնը:
«Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը»։ (Հովհաննես 3:16)
Արդարև, սերը քրիստոնեության սկիզբն է և լրումը։ Մարդկանց հանդեպ սիրուց դրդված Աստված մարդացավ։ Սիրուց դրդված Աստված ապրեց իր արարածների մեջ, հոգաց նրանց կարիքների մասին, բժշկեց նրանց հիվանդությունները, ուսուցանեց նրանց սիրո վարդապետությունը։ Սիրուց դրդված Հիսուս Քրիստոս զոհաբերվեց խաչափայտի վրա՝ որպես փրկագին մեր ազատագրման։ Սիրո աստվածային զորությամբ Նա Հարություն առավ և խոստացավ հարություն պարգևել բոլոր նրանց, ովքեր հավատում են իր Անվանը։ Մեր ժողովրդի հանդեպ Իր սիրուց դրդված Աստծո միածին Որդին իջավ դաշտն Արարատյան և իր ոսկե մուրճով կնքեց մեր հողը և հիմնեց Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, որտեղից աստվածային լույսը սփռվեց ողջ Հայաստան աշխարհով մեկ։
Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսլիքը և Մայր Տաճարի հիմնադրման պատմությունը նախ և առաջ սիրո պատմություն է։ Այն հիշեցնում է մեզ, որ Սբ. Էջմիածին Մայր Տաճարը նախ լուսագրվել էր Սբ. Գրիգորի սրտում և ապա միայն վեր խոյացել որպես քարեղեն շինություն։
Էջմիածին անունը, որ նշանակում է իջավ Միածինը՝ Հիսուս Քրիստոս, թող լուսագրվի նաև մեր՝ առաջին քրիստոնյա ազգի զավակներիս սրտերում, քանզի Էջմիածին անվան իմաստը «ՍԵՐ» է, որն իր լուսեղեն ճառագայթներով ջերմացնում է մեր ազգի սիրտը և մեր սրբազան Հայաստան աշխարհը։
«Իջավ Միածինը Հորից, փառքի լույսը նրա հետ, ձայներ հնչեցին սանդարամետ անդունդից: Տեսնելով մեծ լույսը` Գրիգոր Հայրապետը, ցնծությամբ պատմում էր հավատացյալ արքային: Եկե՛ք կառուցենք սուրբ լույսի խորանը, քանի որ այստեղից մեզ ծագեց Լույսը Հայաստան աշխարհին»։
(Շարական Սբ. Էջմիածնի Տոնի)
Comments