top of page
Search

Կավագործը և Կավը

Writer: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan


Կավագործի և կավի պատկերները հաճախ են հանդիպում Աստվածաշնչում։ Ծննդոց գրքում կարդում ենք. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից»։ (Ծննդոց 2:7) Աստված Ադամին ստեղծեց երկրի կավից և նրա դեմքին կենդանության շունչ փչեց և նա եղավ կենդանի էակ։

Կավագործի և կավի պատկերավոր համեմատությունը հիշեցնում է մեզ, որ մեր կյանքերն Աստծո ձեռքերի մեջ են։ Ինչպես Եսայի մարգարեն է աղոթում. «Տե՜ր, մեր Հայրն ես դու. մենք կավ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամենքս քո ձեռքի գործն ենք»։ (Եսայի 64:8)

Աստված Վարպետ Կավագործն է, մեր Արարիչը, մենք կավն ենք Նրա ձեռքերի մեջ, իսկ բրուտանիվը՝ մեր կյանքը։ Նա կոփում է մեզ և ձևավորում՝ դարձնելու «պատվական անոթ՝ սրբագործված և պիտանի Տիրոջը, պատրաստված ամեն բարի գործի համար»։ (Բ.Տիմոթեոս 2:19)

Կյանքի հանգամանքներն ու իրադարձությունները կարծես Աստծո ձեռքերն ու մատները լինեն, որոնք ձև են հաղորդում մեր կյանքին, ինչպես կավագործը՝ կավին։ Աստված հմուտ կավագործի նման գիտի թե ինչ ճնշում գործադրի և ինչքան, երբ թուլացնի իր բռունցքը, ինչպես գծագրի մեր կյանքի ամենատարբեր հարթություններն Իր մատներով, ինչպես սեղմի և ինչպես հարթեցնի այն, որպեսզի ձևավորի մեզ որպես պատվական անոթներ իր գործածության համար։

Երբեմն էլ Վարպետ Կավագործը մեզ անցկացնում է հնոցի միջով, որտեղ կյանքի կրակը թրծում է մեզ՝ դարձնելով ամուր և ջրակայուն անոթներ։ Աստված թույլ է տալիս, որ դժվարությունների և նեղությունների միջով անցնենք, որպեսզի դրանց միջոցով հասունանանք, զարգանանք, ամրանանք և կերպարանակից լինենք Քրիստոսի պատկերին։

Հնոցի միջով անցնելիս՝ մի՛ վախեցեք և մի՛ հուսահատվեք, որովհետև «ամեն ինչ բարի է լինում է նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք և կանչվեցին նրա նախասահմանումով, որովհետև նրանց, որ առաջուց գիտեր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին»։ (Հռոմեացիս 8:28-29)

Կավե ամանն ինքնին շատ արժեքավոր չէ, բայց այն ինչ պարունակում է, կարող է շատ արժեքավոր լինել։ Ինչպես Առաքյալն է ասում. «Աստված է, որ ծագեցրեց մեր սրտերում Աստծու փառքի գիտության լույսը, որը ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։ Այսուհետև այս գանձերն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի զորութեան գերազանցությունը Աստծուց լինի և ոչ մեզնից։ (Բ.Կորնթացիս 4:6-7)

Աստված թրծում է մեզ, ամրացնում է մեր հավատքը և համբերատարությունը և մեզ դարձնում ջրակայուն անոթներ՝ լեցուն Իր Միածին Որդու դեմքից ճառագող լույսով, Նրա Սուրբ Հոգու սիրով, խնդությամբ, խաղաղությամբ, համբերությամբ, քաղցրությամբ, բարությամբ, հավատարմությամբ, հեզությամբ, ժուժկալությամբ (Գաղատացիս 5:22-23)։

«Եվ այսպես, առաքինաբար, երբ Հոգու հետ բարձրանանք, չմոռանանք, որ խոնարհ կավից ենք ստեղծված»։ Նարեկ, Բան ՁԶ

Ուրեմն, ընդունենք և հնազանդվենք Աստծո զորությանն ու նախախնամությանը, մասնակից դառնանք Նրա աստվածային ծրագրին և համբերատարությամբ ու կատարյալ հնազանդությամբ թույլ տանք, որպեսզի Աստված իր գործն ավարտին հասցնի՝ դարձնելով մեզ պատվական անոթներ սրբագործված և պիտանի Տիրոջը։ Մեսրոպ վարդապետ Պարսամյան

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page