top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ավագ Երեքշաբթի



Այսօր Ավագ Երեքշաբթի է՝ տասը կույսերի հիշատակության օրը։ Իր Խաչելությունից օրեր առաջ մեր Տեր Հիսուս Քրիստոս վերջին պատգամներն է տալիս իր աշակերտներին և պատմում հետևյալ առակը:


«Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանեցվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, ելան փեսային ու հարսին դիմավորելու։ Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։ Հիմարները լապտերները վերցրին, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին։ Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան։ Կեսգիշերին մի ձայն լսվեց. “Ահա փեսան գալիս է, վե՛ր կացեք նրան ընդառաջ”։ Այդ ժամանակ բոլոր կույսերն արթնացան և իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարներն իմաստուններին ասացին. “Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են”։ Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. “Այնպես չլինի, որ թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և գնե՛ք ձեզ համար”։ Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց։ Ավելի ուշ եկան նաև մյուս կույսերը և ասացին. “Տե՛ր, տե՛ր, բա՛ց արա մեզ համար”։ Նա պատասխան տվեց և ասաց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չեմ ճանաչում ձեզ”։ Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը» (Մատթեոս 25:1-13)։

«Արթո՛ւն մնացեք։ Պատրա՛ստ եղեք»,- ահա տասը կույսերի առակի, ինչպես նաև Ավագ Շաբաթվա հիմնական հորդորը։ Հոգևոր արթնությունը և պատրաստությունը քրիստոնյայի ողջ կյանքն ու հավատքի ճամփորդությունը պետք է լինի։ Տեր Հիսուս հորդորում է մեզ, ոչ միայն պահուստի համար ձեթ ունենալ, այլև ձեթի առատություն մեր կանթեղների մեջ։


«Ձեթ» և «Ողորմություն» բառերը հին հունարենում նույն արմատն ունեն։ Հայ մատենագիրներից Առաքել Բաղիշեցին (15-րդ դար) հիմար կույսերի մասին գրում է. «Նրանք սեր և ողորմածություն ցույց չտվեցին։ Նրանց հոգևոր կանթեղների լույսը մարեց և նրանք չտեսան անմահ Փեսային։ Իսկ իմաստուն կույսերը, ովքեր սիրո և ողորմածության խորհրդանիշ ձեթ էին բերել իրենց հետ, բացեցին ամուսնական առագաստի դռները և ներս մտնելով տեսան անճառելի Արքային»։

Արդարև, Երկնքի Արքայություն մուտք գործելու և Փեսայի անսահման ուրախությանը մասնակից դառնալու համար, պետք է արթուն մնանք և պատրաստվենք ողորմության, սիրո և գթության գործերով՝ ուրիշներին ևս հաղորդ դարձնելով Քրիստոսի լույսին և բժշկությանը։

Ուրեմն, սիրե՛նք մեր մերձավորներին, բարիք արարենք և սեր տարածենք մեր շրջապատում, որպեսզի երբ լսվի ձայնը, թե «Ահա փեսան գալիս է, վե՛ր կացեք նրան ընդառաջ», պատրաստ լինենք դիմավորելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա հետ մտնելու հավիտենական երանության մեջ։

130 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
bottom of page