top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Սարդարապատ




Մայիսի 26-ը Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրն է։ Այս առիթով մեջբերենք արիաշունչ խոսքը Գևորգ Ե Սուրենյանց Հայրապետի, որի վճռական և խիզախ կեցվածքի շնորհիվ կասեցվեց հայ զորավարների ու զինվորների հուսահատ նահանջը և կանխորոշվեց հաղթանակը հայ ժողովրդի.


«Ա՜զգ Հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան երկրի վրա: Թուրքը կոտորած ու ավեր սփռելով գալիս է, եւ մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան Հայոց Հայրապետին փախուստի մղել: Նրանք Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր սրբարանները, հայ ժողովուրդը, հայրենի երկրի վերջին կտորը: Առաջարկում են լքել այս բոլորը եւ սեփական կյանքը փրկել Բյուրականում կամ այլ անմատչելի լեռնածերպի վրա:


Ո՛չ եւ ո՛չ, հազա՜ր անգամ ո՛չ...Ես չե՛մ լքի մեր սուրբ նախնիներից ավանդված Մայր Աթոռը: Ես չե՛մ հեռանա Հայոց Արաքելական Եկեղեցու օջախից: Եթե Հայոց զինվորությունն ու ինքը՝ հայ ժողովուրդը չեն կարողանա թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չեն լինի փրկելու մեր սրբությունները, ապա թող ես նահատակվեմ հենց այստե՛ղ, շեմի վրա Մայր Աթոռի, որի գահակալի պատիվն ունեմ մեր սուրբ նախնիների արդար բարեխոսությամբ և Աստուծո ողորմածությամբ: Մի՞թէ մենք չպիտի կարողանանք պահպանել մեր օջախի կրակը, մեր հավատի ջահը, մեր ազգային գոյի հիմքերը: Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ և ոչ թե ողորմելի զեռունի պես թշնամու առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լի են քաջության օրինակներով, ներկված են նահատակների արեամբ: Դրանով չի՛ սպառվել մեր արյունը, և չի՛ կորսվել քաջությունը մեր շարքերից: Դարեր շարունակ հայոց ազգն այսպես է ապրել՝ իր ինքնության համար պայքարելով, իր վաղվա համար այսօր մեռնելով: Եւ որովհետև ով գաղափարի համար է մեռնում, մեռնում է որպես հատիկը ցորյանի, ապա հատիկի մահով նոր կյանքեր են ծնվում վաղ թե անագան: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով ու մահերով հարուստ մեր կենսագրությունը չի ունեցել և երբեք էլ չպիտի ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ դավենք ապրելու և գոյատևելու մեր ազգային կերպին: Ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որ գալիս է անդրարաքսյան իր թեթև հաջողություններով հղփացած և մեր արյան վերջին կաթիլին ծարավի...


Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները: Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ Հայոց, անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթական»:

60 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page