top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հույսով Հավատալ



«Չնայած հույս չկար, հույսով հավատաց». Սուրբ Պողոս Առաքյալն այսպես է նկարագրում Սուրբ Նախահայրերից՝ Աբրահամի հավատքը, որով նա արժանացավ Աստծո խոստումներին։


Անշուշտ, այդ խոստումներն Աբրահամի համար ակներև չէին։ Աստված Աբրահամին խոստացել էր օրհնել, փառավորել և բազում ազգերի հայր դարձնել, թեև նա զավակներ չուներ։ Ամեն անցնող տարվա հետ, այդ խոստումն ավելի ու ավելի անհավանական էր թվում։ Աբրահամն անգամ փորձեց իր մարդկային տրամաբանությամբ և միջոցներով լուծում գտնել խնդրին։


Սակայն, ինչպես Առաքյալն է ասում. «Նա չերկմտեց իր հավատի մեջ, թեպետ նայեց իր մարմնին, որ արդեն մեռածի պես էր… Բայց Աստծու խոստման վրա անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ, փառք տվեց Աստծուն և հաստատապես համոզվեց, որ նա, ով խոստացավ, կարող է նաև կատարել։ Ահա թե ինչու նրան արդարություն համարվեց»։ (Հռոմեացիներին 4:19-22)


Նույն սկզբունքով են գործում Աստծո բազում խոստումները մեր կյանքում։ Սուրբ Գրքում Աստված մի շարք խոստումներ է տվել մեզ՝ երանություն և հավիտենական կյանք պարգևել, պատասխանել մեր աղոթքներին, կատարել մեր սրտի նվիրական ցանկությունները, ժառանգակից դարձնել իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին և բազում այլ խոստումներ։


Երբ տարիներն անցնում են և դրանցից ոմանք չեն իրագործվում, մեր մտքում հարցեր են առաջանում։ Աբրահամի նման, մենք ևս, փորձում ենք մեր մարդկային տրամաբանությամբ և միջոցներով լուծումներ գտնել։


Նեղությունների, դժվարությունների և փորձությունների մեջ մոռանում ենք, որ պետք է ՀՈՒՅՍՈՎ ՀԱՎԱՏԱԼ, որովհետև «միայն Աբրահամի համար չգրվեց, թե նրան արդարություն համարվեց, այլ նաև մեզ է համարվելու, որ հավատում ենք նրան, ով մեռելներից հարություն տվեց Հիսուսին՝ մեր Տիրոջը, որ մահվան մատնվեց մեր հանցանքների համար և հարություն առավ՝ մեզ արդարացնելու համար»։ (Հռոմեացիներին 4:23-25)


Սիրելիներ, նա, ով անգամ ամենաանհույս իրավիճակի մեջ ապրում է Աստծո Խոսքին հույսով հավատալով, Աստված առատապես օրհնում և փառավորում է նրան և նրա սերունդներին, քանզի մեր Աստված հավատարիմ Աստված է և միշտ պահում է իր խոստումները։ Նրան փառք հավիտյանս. ամեն։

19 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page