top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հոր Սերը



Իսպանացիները մի հուզիչ ժողովրդական պատմություն ունեն օտարացած հոր և որդու մասին։ Երբ ծանր վիճաբանությունից հետո որդին հեռանում է տանից, հայրն սկսում է ամենուրեք փնտրել նրան։ Ամիսներ շարունակ ապարդյուն փնտրտուքից հետո, նա դիմում է վերջին մի հուսահատ քայլի՝ հայտարարություն է հրապարակում Մադրիդի օրաթերթերից մեկում։ Հայտարարության տեքստում գրված էր. «Սիրելի Պակո, շաբաթ օրը կեսօրին կսպասեմ քեզ Ալմուդենա Եկեղեցու մուտքի մոտ։ Ամեն բան ներված է։ Ես սիրում եմ քեզ։ Կարոտով՝ Հայրդ»։ Շաբաթ օրը կեսօրին 800 Պակոներ կանգնած էին եկեղեցու դռների մոտ՝ ակնկալելով իրենց հոր ներումն ու սերը։

Սիրելինե՛ր, Աստված մեր սիրառատ Հայրն է, ով Աստվածաշնչի էջերում հռչակում է Իր սիրո և ներողամտության մասին և գրկաբաց սպասում Իր օտարացած դուստրերի և որդիների վերադարձին։ Եթե անսալով Նրա կոչին վերադառնանք տուն, ապա Նրա անսպառ ողորմությունն ու անսահման սերը կհեղվեն մեզ վրա՝ մաքրելով մեր բոլոր մեղքերն ու հանցանքները։

Արդարև, «Գթած, ողորմած, համբերատար և բազումողորմ է Տերը։ Տերն իսպառ չի բարկանում և ոխ չի պահում հավիտյան։ Չվարվեց մեզ հետ ըստ մեր մեղքերի և մեզ չհատուցեց ըստ մեր անօրենության։ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորեղ է Տիրոջ ողորմությունն Իրենից երկյուղածների հանդեպ։ Որքան հեռու է արևելքն արևմուտքից, այնքան հեռացրեց մեր անօրենությունները մեզնից։ Ինչպես հայրն է գթում իր զավակներին, այնպես Տերը գթաց իրենից երկյուղածներին։ Նա գիտի կազմվածքը մեր և հիշում է, որ հող ենք մենք»։ (Սաղմոս 102:8-14)

Այսպիսին է մեր երկնավոր Հոր սերը, Նրա ողորմությունը և Նրա շնորհը։ Նա շատ լավ է ճանաչում մեզ։ Ինքն է ստեղծել մեզ հողից և գիտի մեր բոլոր տկարություններն ու թերությունները։ Այդ ամենն իմանալով հանդերձ՝ Նա սիրում է մեզ իր զավակների պես։ Եվ երբ խոստովանում ենք մեր մեղքերը և ներում հայցում, նա հեռացնում է մեր մեղքերը մեզնից որքան հեռու է արևելքն արևմուտքից։

30 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page