top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հովիվը



«Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին։ Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ՚ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն։ Այսպէս՝ իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի»։ (Մտ 18:12-14)

Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ,

Այսօրվա Ավետարանական ընթերցվածը ներկայացնում է «Մոլորյալ ոչխարի» առակը, որն, ըստ իս, մեր Տեր Հիսուս Քրիստոս ամենագեղեցիկ և ամենախորիմաստ առակներից մեկն է։

Առակները զուտ գեղեցիկ պատմություններ չեն, որ պասիվ կերպով ընկալենք և մտապահենք։ Դրանք հրավեր են մասնակցելու ճշմարտության բացահայտմանը։ Այսօրվա առակը Հիսուս սկսում է հարցադրումով. «Ձեզ ինչպե՞ս է թվում» կամ «Ի՞նչ եք կարծում»։ Արդարև, առակը հարցադրում է, որն իր մեջ պարունակում է պատասխանը, սակայն քողարկված ձևով։ Պատասխանը կախված է ունկնդիրների արձագանքից և մասնակցությունից։

Եկեք ուրեմն փնտրենք մոլորված գառնուկի մասին այս առակի պատասխանը։

Հիսուս մի համառոտ պատմություն է պատմում և շատ պարզ ձևով. մի հովիվ 100 ոչխար ուներ և թողնելով 99-ին լեռան վրա գնում է փնտրելու կորած գառնուկին։ Եվ Հիսուս հարց է տալիս. «Ի՞նչ եք կարծում», այսինքն՝ «Դուք նույնը կանեի՞ք»։ Ո՞րն էր հովիվների և այն մարդկանց պատասխանը, ովքեր լսում էին Հիսուսին։ Նրանք նույնը կանեի՞ն։ Ո՞րն է իմ պատասխանը Հիսուսի հարցադրումին։ Եթե 100 ոչխար ունենայի և մեկը կորցնեի, ի՞նչ կանեի։ Եկեք լավ մտածենք՝ նախքան պատասխանելը։

Այսօր մենք կտրված ենք բնությունից։ Մեր շրջապատի բետոնը, քարը, երկաթը և ապակին մեզ բաժանում են բուսական և կենադանական աշխարհից։ Սակայն վստահաբար կարծում եմ, որ կյանքում գոնե մեկ անգամ եղել եք լեռներում։ Լեռները դժվարանցանելի են, լի խոր անդունդներով և կիրճերով, վայրի և գիշատիչ կենդանիներով, իսկ առաջին դարում էլ, այնտեղ էին թաքնվում գողերն ու մարդասպանները:

Ուրեմն նման վտանգներով լի մի լեռան վրա կորցրել եք ընդամենը 1 գառնուկ, բայց ունեք մնացյալ 99-ը։ Կթողեի՞ք այդ 99 լեռների վրա և կգնայի՞ք մոլորվածի հետևից։

Հովիվները, ովքեր լսում էին Հիսուսի առակը, հավանաբար իրենց մտքում կամ բարձրաձայն ասացին. «Միայն անխելք հովիվը նման կերպ կվարվեր»։ Կարծում եմ նաև հարցրեցին. «Հիսուս, ներիր մեզ, բայց ո՞վ է այդ հովիվը, որի մասին պատմում ես մեզ։ Ով է, որ նման խենթություն կաներ»։

Հիսուսի պատասխանն է անշուշտ. «Հովիվն Աստված է, մեր Հայրը, իսկ մոլորյալ գառնուկը դու ես»։ Արդարև, միայն անանձնական և անձնազոհ սերն է ունակ նման խենթության։ Աստված գնում է այս քայլին, որովհետև անսահման սիրով սիրում է մեզ, իր խնամքն է տածում անգամ ամենափոքրերի հանդեպ, մերժվածների, անտեսվածների ու մոլորյալների հանդեպ։ Աստծո սերը վեր է մեր մարդկային տրամաբանությունից և զգուշավորությունից։

Սիրելիներ, այստեղ մեր Տեր Հիսուս Քրիստոս ներկայացնում է Աստծո և Նրա անձնազոհ սիրո իր ամենասիրելի պատկերը։ Այս առակը ներկայացնում է այդ սիրո երեք հատկանիշները։

Ա. Աստծո սերը անհատական է։ Հովհաննեսի Ավետարանի մեջ բարի Հովվի հատվածում, Հիսուս ասում է. «Բարի Հովիվը իր ոչխարներին անուններով է կանչում» (Հովհաննես 10:3)։ Աստված մեզ գիտի անուն առ անուն և մեզ կանչում է անուններով։ Եվ այսու, 99-ը բավարար չեն։ Եթե գառնուկներից մեկը հովտում է, ապա Բարի Հովիվը չի կարող հանգիստ գտնել, մինչև նրան տուն չբերի։ Որքան էլ որ մեծ լինի ընտանիքը, միևնույն է ծնողները հոգում են բոլորի մասին։ Չկա մեկը, որ նշանակություն չունենա նրանց համար։ Այսպես է մեր Տեր Աստված։ Նա չի կարող երջանիկ լինել, մինչև վերջին մոլորյալ գառնուկը չվերադառնա փարախ։

Բ. Աստծո սերը փնտրող է։ Հովիվը չսպասեց, որ գառնուկը ետ վերադառնա։ Նա գնաց նրա հետևից։ Սա է, որ որոշ մարդիկ չեն կարողանում հասկանալ։ Ոմանք կարծում են, որ մեղավորը պետք է գետնաքարշ վերադառնա տուն և այն ժամանակ Աստված միայն կների։ Սակայն գիտենք, որ Աստծո սերը փնտրող է, որովհետև Հիսուս Քրիստոսի մեջ, Նա եկավ մոլորյալներին փնտրելու և տուն վերադարձնելու։ Աստված չսպասեց, որ մարդիկ վերադառնան տուն։ Նա գնաց նրանց հետևից ամեն գնով, իր միածին Որդու կյանքի գնով։

Գ. Եվ վերջապես, Աստծո սերը ուրախացող սեր է։ Այստեղ միայն ուրախություն է։ Չկա հանդիմանություն, հիշաչարություն կամ ոխակալություն։ Միայն ուրախություն։ Մենք սովորաբար մարդկանց ընդունում ենք՝ նրանց գլխին դասախոսություններ կարդալով։ Մարդկային է, երբեք չմոռանալ մարդու անցյալը և միշտ հիշել ու հիշեցնել իր հանցանքները։ Աստված մեր մեղքերը սրբում է և մոռանում դրանց մասին։ Երբ դառնում ենք դեպի նա, ապա նա միայն ու միայն ուրախանում է, բարի և սիրառատ հովվի նման և իր ուսերին դրած վերադարձնում է տուն։

Սիրելինե՛ր, այս տարվա փետրվար ամսին, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, առիթն ունեցա այցելելու Վատիկան և Հռոմ մեր քահանա հայրերի՝ Տեր Վահրամի և Տեր Ադամի հետ։ Մեր խմբին, որ բաղկացած էր Արևելյան Եկեղեցիների հոգևորականներից, այցելության տարան Հռոմի կատակոմբները։ Հռոմի կատակոմբները նեղ սրահներից բաղկացած շուրջ 900 կմ ընդհանուր երկարությամբ լաբիրինթոսներ են, որտեղ առաջին դարից մինչև չորորդ դարը քրիստոնյաները հավաքվում էին աղոթելու, ինչպես նաև հուղարկավորելու իրենց ննջեցյալներին այդ ստորգետնյա սրահներում։ Որոշ հնեաբաններ պնդում են, որ շուրջ ութ միլիոն մարդ է թաղվել այդ կատակոմբներում 72-410 թվականներն ընկած ժամանակահատվածում։

Այս կատակոմբները լի են տպավորիչ գրություններով, զարդանախշերով և որմնանկարներով։ Դրանք հիմնականում պատկերում են քրիստոնեական խորհրդանիշները. խարիսխ, ձուկ, աղավնի, ծիածան և այլ որմնանկարներ, որոնք արտահայտում են առաջին դարերի քրիստոնյաների հավատը, հույսը և վստահությունն առ Աստված։

Սակայն այդ պատկերներից հիմնականը և բացառիկը Բարի Հովվի որմնանկարներն են։ Եվ զարմանալին այն է, որ այդ պատկերներում հովվի ուսին, գառան փոխարեն, այծ է նկարված։ Մատթեոսի Ավետարանից գիտենք, որ այծերը խորհրդանշում են մեղավորներին (Մատթեոս 25:31-46)։ Վաղ շրջանի քրիստոնյաները Հիսուսի անձի մեջ տեսնում էին այն Բարի Հովիվին, ով անգամ այծերին, այսինքն՝ մեղավորներին է իր ուսերի վրա կրում։

Արդարև, մեր Տեր Հիսուս Քրիստոս Բարի հովիվն է, ով խոստանում է մեզ՝ ասելով. «Կորածին փնտրելու եմ, մոլորվածին՝ հետ դարձնելու, վիրավորվածին՝ փաթաթելու, հյուծվածին՝ զորացնելու. գերին ու հզորին՝ պահելու։ Բոլորին արածացնելու եմ արդարությամբ»։ (Եզեկիել 34:16)

Մեր Բարի Հովվի սերն անհատական է, փնտրող և ուրախացող։ Անշուշտ, մենք մեր մարդկային սահմանափակություններով չեն կարող ամբողջությամբ ընկալել այդ սիրո անսահմանությունը, բայցևայնպես սրտով փարվենք այդ կենարար սիրուն։ Կարևոր չէ, թե ինչ մեղք ենք գործել, ինչքան հեռու ենք գնացել ու մոլորվել, կարևոր չէ, թե որքան տկար է մեր աղոթքի ձայնը և որքան մթին է մեր սրտերի անտառը, Բարի Հովիվը փնտրում է մեզ և կանչում է մեզ մեր անունով, անսանք նրա ձայնին և դառնանք դեպի նա, ով մեզ պիտի բարձրացնի և իր ուսերին դրած վերադարձնի տուն։ Փառք մեր Բարի Հովվին, Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն։


Մեսրոպ վարդապետ Պարսամյան, Քարոզ Բ Կիրակի Զկնի Վարդավառի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հուլիս 26, 2020թ.

217 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page