top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Համբարձում



Այսօր Համբարձում է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Հարությունից քառասուն օրեր հետո համբարձվեց երկինք։ Համբարձումը ամենազորեղ նշան է մեր փրկության, որովհետև Տերը հարություն պարգևեց մեր մարդկային բնությանը և այն բարձրացրեց ու հաղորդակից դարձրեց Սուրբ Երրորդության փառքին։ Աստվածամարդը համբարձվեց, քանզի Նրա մեջ մարդկային և աստվածային բնությունները միավորված են մեկ անձի մեջ։


Մեր Համբարձյալ Տիրոջ միջոցով մարդկային մեր բնությունը հաղորդակից է դառնում Աստվածային բնությանը Աստծո շնորհով։ Մենք նույնպես հաղորդակից ենք դառնում աստվածային բնությանը, եթե հաղորդակից ենք Քրիստոսի կյանքին իր մարմնի՝ Եկեղեցու միջոցով։ Մկրտության ավազանի մեջ մենք դառնում ենք իր մարմնի՝ Սուրբ Եկեղեցու անդամները, իսկ Գլուխը և Մարմինը անբաժան են։ Ինչպես որ Նա մեզ հետ է իր Համբարձումից հետո հավիտյան, այնպես էլ խոստացավ, որ մենք կլինենք այնտեղ, որտեղ նա է գտնվում։


Ուրեմն, ապրենք Քրիստոսի մեջ՝ ապրելով իր մարմնի՝ Եկեղեցու մեջ, որի անդամներն ենք և պիտի տեսնենք համընդհանուր Համբարձումը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյանը, քանզի « այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրա երկինք գնալը»։ (Գրծ 1:11)


ՀԻՍՈՒՍ ՈՐԴԻ

«Երբ քառասուն օրերը լրացան,

Հետ Հարության սուրբ Զատկի

Ձիթենյաց լեռը դու հանեցիր

Ընտրյալ դասը տասնմեկի.

Եվ խոստացար շնորհել նրանց

Հորդ պարգևը հզոր Հոգին.

Եվ օրհնելով նրանց, ով Տեր,

Վեր բարձրացար երկինք դեպի Հայրը։

Եվ մարդկային բնությունը,

Զոր չարարարը անդունդ նետեց,

Բարձրացրեցիր ավելի վեր

Քան բնությունը հրեղենների։

Նստար աջում Քո ծնողիդ,

Ըստ կանխասաց մարգարեի,

Պաշտվեցիր Հոր և Հոգու հետ

Անմարմնական հրեշտակներից։

Բարու հանդեպ ինձ անարժանիս,

Երկինք հանիր Դու Քեզ հետ։

Եվ երկրային նեխյալ անդամներս,

Միացրու գլխիդ հետ կրկին,

Թեև լինեմ նվաստ անդամ,

Օրինակ՝ գարշապարը ոտքիդ,

Կարևորը գտնվելն է,

Բազմության մեջ Սուրբ անդամներիդ»։


Սուրբ Ներսես Շնորհալի

25 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page