top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հաղթական Սերը




«Արդ՝ ո՞վ մեկնեսցէ զմեզ ի սիրոյն Քրիստոսի»

(Հռ 8:35)


Առաջին դարի քրիստոնյաների տառապանքներին ու հալածանքներին դեմ հանդիման Սուրբ Պողոս Առաքյալը հարցադրում էր Հռոմեացիներին ուղղված իր թղթում. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց» (Հռ 8:35) ։ Սուրբ Պողոս Առաքյալ կարող էր և թվել սեփական չարչարանքները, ով հիշյալ տողերը գրելու պահին սպասման մեջ էր նահատակության ի՛ր պսակին։


Առաքելաշավիղ մեր ժողովրդի սրբազան պատմության բազմաթիվ էջեր ևս պատկերված են դառնություն, տագնապ, սով, զրկանք, վտանգ, հալածանք, չարչարանք ու կոտորած բառերի դժնդակ գույներով։ Դարերի ողջ երկայնքով ձգվող կենաց-մահու գոյապայքարում մեր ժողովուրդը նույն հարցն էր տալիս վարդանանց սուրբերի շուրթերով. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց»։


Քսաներորդ դարի շեմին մարդկային մտքի հնարավոր բոլոր սահմանները հեգնող մեծ Եղեռնի արհավիրքին ու զարհուրանքին դեմ հանդիման հայոց սուրբ նահատակները միևնույն հարցումն էին անում. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց»։


Ավարայրից մինչև Հայոց Ցեղասպանություն և այսօր էլ, մեր նահատակաց սուրբ արյամբ գրված առաքելավանդ պատասխանը մեկն է. «ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուր և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ դառն հարված չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով»։ (Եղիշե, հմմտ. Հռ 8:39)


Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց մարդկության փրկության համար և որովհետև Մարդացյալ Աստվածորդին իր կյանքը տվեց մեզ համար, նման սերը երբեք անպատասխան չի կարող մնալ, երբեք չի կարող ուրացվել։ Հիրավի, չկա ավելի մեծ ուժ մարդկանց, ժողովուրդների, հասարակությունների կյանքը վերափոխող, քան աստվածային անմնացորդ սերը։ Այն ամենից վեր է, ամեն ինչից զորեղ. «Մեծ է Աստծո Սերը երկրային բոլոր մեծություններից ավելի և անմարմին հրեշտակների զորքերի նման աներկյուղ է դարձնում մարդկանց» (Եղիշե)։


Ամենազոր և անվեհեր այդ սիրով վառված մեր նահատակները սրբացան 1915 թվականին և հետագա տարիներին օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված և իրագործված Ցեղասպանության և բռնագաղթի չարչարանաց ճանապարհներին։


Աստծո փրկագործ սիրուն ապավինած մեր ժողովուրդը վերապրեց քսաններորդ դարի առաջին և մեծագույն ողբերգությունը՝ հաղթահարելով մահը, երբ ցեղասպանության դատապարտվեց միայն հայ և քրիստոնյա լինելու համար:


Մեկ դար առաջ, երբ հայրենազրկված հայության բեկորները սփռվում էին ողջ աշխարհով, երբ Արևելյան Հայաստանը կենաց և մահու գոյամարտ էր մղում թուրքական զավթիչների դեմ, դժվար էր հավատալ հայ ժողովրդի ապագային: Բայց այն ճառագեց: Մեր ժողովուրդը Աստծո շնորհով և Տերունական խոստման համաձայն թե «ես կենդանի եմ, և դուք կենդանի եք լինելու» (Հով.14:18) հառնեց մահվանից: Հիրավի, այնտեղ, ուր Կյանքի Աստվածն է, մահը պարտված և կյանքի ճամփան է բացված։ Այնտեղ, ուր Հարուցյալ Տերն է, կյանքի հաղթանակն ու հավիտենական երանությունն են թագավորում։


Թեև մեր ժողովրդի պատմությունը մարտիրոսության և նահատակության մի ուղի է, այսուհանդերձ մեր Սուրբ Եկեղեցու ընկալման մեջ այն հաղթանակի ճանապարհն է, հաստատակամ վկայությունը Սուրբ Պողոս Առաքյալի խոսքերի, թե «այս բոլորից է՛լ ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ»։ (Հռ 8:37)


Պսակիչ սրբոց, Քրիստոս, որ պսակես զսուրբս քո, 

Եւ առնես զկամս երկիւղածաց քոց

Եւ նայիս սիրով եւ քաղցրութեամբ յարարածս քո: 

Լուր մեզ յերկնից Ի սրբութենէ քումմէ, 

Բարեխօսութեամբ Սուրբ Աստուածածնին, 

Եւ աղաչանօք ամենայն սրբոց քոց, 

Եւ սրբոց նահատակացն մերոց,

որք կատարեցան յընթացս Հայոց Ցեղասպանութեան,

որոց այսօր է յիշատակ: 

Լուր մեզ, Տէր, եւ ողորմեա, 

Ներեա, քաւեա և թող զմեղս մեր: 

Արժանաւորեա գոհութեամբ փառաւորել

ԶՔեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ, 

Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. 

Ամէն:

20 views0 comments

Recent Posts

See All

Look Up

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page