top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Կենդանի Աստծո համար



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի չորրորդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Ս. Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթից է.

«Կամ չգիտե՞ք, թե մենք, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, նրա մահով մկրտվեցինք։ Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոսը Հոր փառքով մեռելներից հարություն առավ, այնպես էլ մենք քայլենք նորոգված կյանքով։ Եթե նրան կցորդ եղանք իր մահվան նմանությամբ, նրան կցորդ կլինենք նաև իր հարության նմանությամբ։


Իմացե՛ք, որ մեր հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի մեղքի մարմինը ոչնչանա, մենք այլևս մեղքին չծառայենք։ Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։ Իսկ եթե մեռանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Գիտենք, որ Քրիստոսը մեռելներից հարություն առավ և այլևս չի մեռնի, և մահը նրան այլևս չի տիրի։ Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար։ Դուք նույնպես ձեզ մեռա՛ծ համարեք մեղքի համար և կենդանի՝ Աստծու համար, մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։


Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ՝ հնազանդեցնելու իր ցանկություններին։ Եվ ձեր անդամները մի՛ պատրաստեք մեղքի համար որպես անիրավության զենք, այլ ինքներդ ձեզ պատրաստե՛ք Աստծու համար՝ որպես մեռելներից կենդանացածներ, իսկ ձեր անդամները՝ Աստծու համար որպես արդարության զենք։ Որպեսզի մեղքը ձեզ վրա չիշխի, որովհետև Օրենքի տակ չեք, այլ շնորհի» (Հռոմեացիներին 6.3-14)։


Առաքելական թղթի այս հատվածը բացահայտում է քրիստոնեության մեծագույն խորհուրդներից մեկը. Մկրտության ժամանակ մեր հին մեղավոր անձերը մահանում են և վերածնվում ենք Քրիստոսի մեջ նոր կյանքով։ Մենք այլևս կենդանի ենք Քրիստոսով և Քրիստոսի համար, որին մեղքը չկարողացավ տիրել և մահը չկարողացավ հաղթել։ Մենք այլևս մեղքի ծառաներ չենք, այլ՝ Աստծո որդեգիրներ։ Մկրտությամբ մենք միացել ենք Քրիստոսի հետ, և այսու, Նրա կյանքը մեր կյանքն է, Նրա հաղթանակը՝ մեր հաղթանակը, Նրա ներկայությունը՝ մեր զորությունը։


Սա նշանակում է որ մեր ողջ կյանքը մկրտություն պետք է լինի։ Պետք է մեր նեղ անձնական ձգտումները, եսասիրական նկրտումները, մեղավոր ցանկությունները թաղվեն ամենօրյա ապաշխարությամբ և հարություն առնի նոր մարդը մեր մեջ՝ ապրելու համար Աստծո հետ արդարությամբ և սրբությամբ։


Ուրեմն, հետևելով առաքյալի հորդորին՝ Մեծ Պահքի այս շրջանում և մեր ողջ կյանքի ընթացքում մեզ մեռած համարենք մեղքի համար և կենդանի՝ Աստծու համար, մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով (Հռմ. 6.11)։ Գիտակցենք, որ ազատ, երջանիկ ու իմաստալից կյանք կարող ենք գտնել միայն քայլելով ապաշխարության ճանապարհով, ընթանալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ոտնահետքերով՝ դեպի Խաչելություն և դեպի Հարություն։

40 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page