top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Լսենք Սրտով



Ժողովրդական առածն ասում է. «Մարդ երեք ականջ ունի. մեկը գլխի ձախ կողմում, մյուսը՝ աջ, իսկ երրորդը՝ ՍՐՏՈՒՄ»։

Հաճախ ենք մոռանում սրտի լսողության մասին։ Դրա համար էլ մարդիկ գնում են եկեղեցի, նստում կողք կողքի, մասնակցում նույն արարողությանը և ոմանք դուրս են գալիս եկեղեցուց զգալով Աստծո ներկայությունն իրենց սրտերում, իսկ մյուսները՝ ոչինչ չեն զգում. որովհետև ոմանք լսում են սրտով, իսկ ուրիշներ՝ միայն ականջներով։

Աստծո Խոսքը սրտով լսել կարողանալու համար՝ անհրաժեշտ է չորս հիմնական նախապայման, որոնք առաջադրում է Հակոբոս Առաքյալը Նոր Կտակարանում. «Պետք է լինեք ավելի լսող, քան թե խոսող։ Հեշտությամբ մի՛ բորբոքվեք… Թոթափեցե՛ք ձեզնից ամեն կեղտոտ սովորություն ու չար ցանկություն և հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված Աստծո Խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները»։ (Հակոբոս 1:19-21)

Այսու, Աստծո Խոսքը սրտով լսել կարողանալու համար անհրաժեշտ է.

1. ԼՌԵԼ - չենք կարող լսել Աստծուն, երբ խոսում ենք կամ աղմկում։


2. ՀԱՆԴԱՐՏՎԵԼ, ԽԱՂԱՂՎԵԼ - մեր մտքի և զգացմունքների խելացնոր վազքի մեջ երբեք ի վիճակի չենք լինի լսելու Աստծո ձայնը։ «Հանդարտվեք և իմացեք, որ ես Աստվածն եմ», ասում է Աստվածաշունչը։


3. ՄԱՔՐՎԵԼ - նախքան Աստծո հետ հանդիպումը՝ պետք է դատարկել մեր հոգին «կեղտոտ սովորություններից և չար ցանկություններից», որոնք գարշահոտություն են տարածում մեր հոգում և մեր շուրջը։ Այդ մաքրությունը տեղի է ունենում միայն խոստովանությամբ։


4. ԼԻՆԵԼ ՀԵԶ, ԽՈՆԱՐՀ - պետք մի կողմ դնել մեր ամբարտավան ամենագիտությունը և հեզությամբ ու խոնարհությամբ կատարել այն, ինչ Աստված պատվիրում է։

Այս ամենը կատարելով միայն, կարող ենք նմանվել նրանց, ովքեր «բարի և ուրախ սրտով լսում են Աստծո Խոսքը, ընդունում են այն և հարատևելով՝ պտուղ են տալիս» (Ղուկաս 8:15)։

12 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page