top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Եղիական աղոթքի երեք սկզբունք


Այսօր մեր եկեղեցին նշում է Սուրբ Եղիա Մարգարեի հիշատակը։ Սուրբ Եղիան, որի անունը նշանակում է «Տերն է իմ Աստվածը», Հին Կտակարանի ամենաուշագրավ և խորը հոգևոր փորձառությամբ օժտված կերպարներից մեկն է։ Նրա գործերը և կյանքի դրվագները ներկայացվում են Աստվածաշնչի «Թագավորների Երրորդ» և «Թագավորների Չորրորդ» գրքերում։

Բոլորին նա հայտնի է իբրև մեծ հրաշագործ, անվախ քարոզիչ և նախանձախնդիր մարգարե, սակայն նա այս ամենց առավել ջերմեռանդ աղոթասեր էր։

Ձեր ուշադրությանն եմ հանձնում եղիական աղոթքի երեք սկզբունք, որոնց կիրառության պարագային ձեր աղոթքները կլինեն զորավոր և աստվածահաճո։

Թագավորների Երրորդ գրքի 18-րդ գլխում պատմվում է, որ Սամարացիները, Աստծո հանդեպ իրենց անհնազանդության պատճառով, սովի և երաշտի մեջ էին, քանի որ երեք ու կես տարի անձրև չէր եկել։ Այսու, նրանք խնդրեցին Եղիային աղոթել անձրևի համար։ Ս. Եղիան բարձրացավ Կարմելոս լեռը և աղոթեց։

Ա. Նա աղոթեց խոնարհությամբ

Աստվածաշունչն ասում է, որ «Նա մինչև գետին խոնարհվեց, երեսն առավ ծնկների մեջ»։ (Գ.Թգ 18:42) Եղիա մարգարեն, ով բազմիցս վեհ կանգնել էր կռապաշտների դեմ, որպես Տիրոջ մարգարե և դեսպան, հիմա խոնարհվում է մինչև գետին իր Տիրոջ առաջ՝ բարեխոսական խնդրանքով։

Հիշեք, սիրելիներ, Աստված մեր աղոթքների ու ցանկությունների պարզ կատարողը չէ։ Նա երկնքի և երկրի Արարիչն է, զորությունների Տերը և օրհնում է բոլոր նրանց, ովքեր գալիս են դեպի իրեն խոնարհությամբ։ Խոնարհ աղոթքի համար պարզապես պետք է գիտակցել և անդրադառնալ, որ մեղավոր մարդիկ ենք՝ կանգնած Ամենազոր Աստծո առաջ։ Այդ դեպքում իրապես խոնարհ կլինենք Նրա ներկայությամբ։

Բ. Նա աղոթեց հավատքով

Սուրբ Եղիան աղոթում էր և միևնույն ժամանակ ուղարկում էր իր ծառային դեպի ծով տանող ճանապարհի կողմը։ Ինչո՞ւ։ Որովհետև նա աղոթում էր Աստծո խոստման հանդեպ կատարյալ վստահությամբ։ Նա գիտեր, որ անձրևը չպիտի ուշանա։ Նա վստահ էր, որ Աստված պիտի պատասխանի իր աղոթքին։

Եղիայի նման աղոթել՝ նշանակում է ոչ միայն ծնկի գալ Աստծո առաջ, այլ նայել դեպի Նրա օրհնության ծովի կողմը հավատքով և առանց երկմտության։ Ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս է ասում Ավետարանում. «Ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»։ (Մտ 21:22)

Գ. Նա աղոթեց հարատևությամբ

Սուրբ Եղիան շարունակ աղոթում էր և շարունակ ուղարկում էր իր ծառային ծով տանող ճանապարհի կողմը՝ մինչև Տերը կպատասխաներ։ Նա յոթ անգամ ուղարկեց ծառային ստուգելու երկնակամարը՝ տեսնելու անձրևի որևէ նշան և յոթերորդ անգամ ծառան տեսավ անձրևաբեր ամպը։

Որքան տարբեր է սա մեր աղոթքի փորձառությունից։ Հաճախ Աստծուց որևէ բան ենք խնդրում և հետո կամ մոռանում ենք դրա մասին, և կամ դադարում աղոթելուց՝ եզրակացնելով, որ Աստված չի պատասխանելու մեր աղոթքին։ Հարատևությունը և համառությունը աղոթքի մեջ աներկբա հավատքի նշան է և Աստծո օրհնությունները տրվում են որպես պատասխան նման աղոթքի։

Հուսկ, Եղիա Մարգարեի աղոթքը արդյունավետ էր ոչ թե նրա համար որ գեղեցիկ էր, կամ երկարաշունչ և կամ բարձրահնչյուն, այլ, որովհետև խոնարհ էր, հավատքով և հարատև։

Մեր Աստվածը Տերն է ողջ արարչության։ Նա է ղեկավարում կյանքի տարրերը և հանգամանքները։ Նա սիրում է մեզ, Նա կարող է օգնել մեզ, Նա ցանկանում է օգնել մեզ։ Պետք է միայն խնդրել։

«Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակա. նա աղոթեց, ու երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրեւ չտեղաց։ Ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը։ (Հակոբոս 5:17-18)

Եվ այսօր էլ Եղիա մարգարեն իր հավատքի ողջ զորությամբ կանգնած է մեր առջև` իբրև օրինակ ճշմարիտ աղոթող հավատացյալի:

Աղոթենք Ս. Եղիայի նման։

756 views0 comments

Recent Posts

See All

Look Up

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page