• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Տիրոջ հրեշտակների բանակը



Բոլորիս քաջ հայտնի WarGonzo-ի լրագրող Սեմյոն Պեգովը, որն այժմ գտնվում է Արցախում, օրեր առաջ հետևյալ գրառումն էր կատարել․


«Ստեփանակերտում, մեզնից հիսուն մետր հեռավորության վրա, նռնակներ պայթեցին: Կասետային: Արդեն դասական: Ինչպես պարզվեց, ընդհանուր առմամբ, անվնաս մի բան: Իսկ ընդհանրապես, իզուր չեն ասում, որ Ադրբեջանին անորակ զենք են մատակարարում: Եթե որակյալ լիներ՝ զոհերի թիվն ավելի մեծ կլիներ: Կամ Ադրբեջանին վատ զենք են մատակարարում, կամ Աստված սիրում է ղարաբաղցիներին»:


Ռազմաճակատից եկող այս և նման բազում վկայությունները հուշում են, որ այս պատերազմում, իրապես, ներկա է անտեսանելի և անբացատրելի մի ուժ։ Ոմանք այն ճակատագիր են անվանում, ուրիշներ վերագրում են այն պատահականությանը և կամ բարեբախտությանը, իսկ մեզ՝ քրիստոնյաներիս համար այն հոգևոր իրականությունն է՝ Աստծո նախախնամությունն ու Նրա սուրբ հրեշտակների պահպանությունը։


Աստվածաշնչում կարդում ենք, որ մի օր «առավոտ կանուխ Եղիսեն զարթնեց և դուրս եկավ, որ պաշտամունք կատարի։ Նա տեսավ, որ զորքը երիվարներով ու մարտակառքերով պաշարել է քաղաքը։ Սպասավորը նրան ասաց. «Տե՜ր, ի՞նչ պիտի անենք»։ Եղիսեն ասաց. «Մի՛ վախեցիր, քանի որ մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»։ Եղիսեն աղոթք անելով ասաց. «Տե՜ր, բա՛ց սպասավորիս աչքերը, որ տեսնի»։ Տերը բացեց նրա աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղեն մարտակառքերով, որոնք եկան նրա մոտ»։ (Դ Թագ. 6:15-18)


Այսօր էլ, չարի տեսանելի և անտեսանելի խավար ուժերը մարտնչում են մեր դեմ, սակայն մեզ հետ եղող երկնային զորությունները անհամեմատելի շատ են ադրբեջանցիների հետ եղող թուրք-ահաբեկչական հրոսակներից։ Աստված սիրում է մեզ և պատվիրել է իր հրեշտակներին, որ մեզ պահպանեն մեր բոլոր ճանապարհներին (հմմտ. Սաղմոս 91:11)։


Աստծո հրեշտակները հաճախ պաշտպանում են մեզ այնպիսի վտանգներից, որոնց մասին գաղափար անգամ չունենք։ Ոչինչ աննկատ չի մնում նրանց տեսադաշտից։ Նրանք արթուն պահապանների նման հսկում են մեր զինվորների և մեր ժողովրդի վրա։


Այո՛, ցավը, տառապանքը, կորուստը երբեմն թույլատրվում են և մի օր կհասկանանք, թե ինչո՛ւ։ Իսկ հիմա պարզապես պետք է ապավինել Աստծո հայրական սիրուն և Նրանով զորացած խիզախաբար շարունակել մեր արդար գոյամարտը՝ հավատալով, որ «Տիրոջ հրեշտակների բանակն Իրենից երկյուղածների շուրջն է և պահում է նրանց։ (Սաղմոս 33:8)

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.