• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Ինչո՞ւ են աղոթում ննջեցյալների համար

Updated: Apr 21


Վաղ ծիսական հիշատակությունների համաձայն Քրիստոնեական Եկեղեցին աղոթել է ննջեցյալների համար իր հիմնադրման առաջին իսկ օրերից։ Նահատակների հնագույն վկայաբանություններում հանդիպում ենք նահատակների համար արված աղոթքների, որպեսզի նրանք հավիտենական հանգստի արժանանան։ Հռոմի կատակոմբներում փորագրված հնագույն աղոթքներից մեկում ասվում է. «Հավիտենական հանգիստ պարգևիր նրանց, օ՜ Տեր, և թող հավիտենական լույսը ճառագի նրանց վրա»։

Հայ Առաքելական Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն Թաղման կարգ ենք կատարում ննջեցյալների համար, այնուհետև՝ Ս. Պատարագ և Հոգեհանգիստ մահվան յոթներորդ և քառասուներորդ օրը և տարելիցին։ Ննջեցյալների հոգիների համար «Հոգեհանգստյան պաշտոն» ենք կատարում նաև հինգ Տաղավար տոներին հաջորդող օրերը, որոնք մեր Եկեղեցին սահմանել է ննջեցյալների համար և կոչել՝ «Մեռելոց»։

Սակայն որն է նպատակը մեր հոգեհանգիստների, և ինչո՞ւ ենք աղոթում ննջեցյալների համար։

Հիշում և աղոթում ենք ննջեցյալների համար մեր նկատմամբ Աստծո հայրական սիրո և միմյանց նկատմամբ սուրբ սիրո պատճառով։

Ս. Պողոս առաքյալն ուսուցանում է. «Սեր ոչ երբեք անկանի» (Ա Կորնթ. 13:8) Քանի որ սերը երբեք չի անհետանում, չի վերջանում, ուրեմն մեր աղոթքներն էլ չեն վերջանում, ննջեցյալների հետ մեր հաղորդությունը չի վերջանում, Քրիստոսի միջոցով նրանց հետ մեր միությունը չի վերջանում։

Ինչպես որ սիրում և հարգում ենք ողջերին, այնպես էլ սիրում և հարգում ենք հանգուցյալներին։ Ինչպես որ աղոթում ենք ողջերի համար, որպեսզի Աստծո Շնորհը նրանց վրա լինի, այնպես էլ աղոթում ենք ննջեցյալների համար, որպեսզի նրանք արժանանան Աստծո ներկայությանը։ Հանգուցյալ մեր հարազատների ու բարեկամների նկատմամբ մեր սերը դրսևորում ենք սրտաբուխ աղոթքի միջոցով։

Անշուշտ, մենք չենք սգում անհավատների նման, որոնք բնավ հույս չունեն, այլ քաջալերվում և մխիթարվում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությամբ՝ առաքյալի խոսքի համաձայն. «Եթե հավատում ենք, թե Հիսուս մեռավ և հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսի միջոցով ննջեցյալներին ետ կյանքի պիտի բերի նրա հետ»։ (Ա. Թեսաղոնիկեցիներին 4:13)

#մեռելոց #հոգեհանգիստ #ՍուրբՀարություն #Հարություն #ՀիսուսՔրիստոս #նահատակ

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.