• Մեսրոպ վարդապետ Պարսամյան

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարությունը հույսի մեծագույն աղբյուրն է մեր կյանքի մեջ և մեզ տրված մեծագույն ավետիսն է այն քաղցր ճշմարտության, որ Աստված երբեք չի լքում իր հավատացյալ զավակներին։

Իր Որդու աշխարհ գալուստից դարեր առաջ՝ Աստված խոսել էր Եզեկիել մարգարէի հետ՝ փոխանցելու համար այդ հույսը ազդեցիկ մի տեսիլքի միջոցով (Եզեկիել 37:1-14)։

Մինչ Աստված առաջնորդում էր Եզեկիելին չորացած ոսկորների դաշտի միջով, հարցեց նրան. «Մարդո՛ւ Որդի, այս ոսկորները կարո՞ղ են կենդանանալ»։ «Տեր Աստված, այդ դու գիտես», - պատասխանեց Եզեկիէլը։ Այնուհետ Աստված հարություն տվեց չորացած ոսկորներին, նրանց պատեց մարմնով և կենդանության շունչ պարգևեց։ Եզեկիելը սարսափած էր մահվան և կործանման տեսիլքից, բայց ականատես եղավ Աստծո զորությանը, որ կարող էր մահից կյանք քաղել և տեսնելով Կենդանության հրաշքը՝ հաղորդակից դարձավ Հույսի հրաշքին։

Նույն հույսը հայտնվել էր Զատկի օրը, երբ յուղաբեր կանայք այցելում էին Քրիստոսի գերեզմանը։ Նրանք ևս քայլում էին «մահվան հովիտով», դեպի Տիրոջ գերեզմանը՝ վախով և հուսալքված, քանի որ ականատես էին եղել Տեր Հիսուսի խաչելությանն ու մահվանը։ Սակայն նրանց դիմավորողը մահվան տեսիլքը չէր, այլ հավիտենական կյանքի ավետիսը՝ թափուր գերեզմանը։

Հարուցյալ Փրկչի միայն մեկ հայեացքը բավարար էր վանելու ամեն տեսակի վախ և հուսադրելու նրանց հույսով, որը պիտի հեղաշրջեր ամբողջ աշխարհը։

Մեր ժողովուրդը ևս փարվեց այդ կենարար հույսին։ Քանի՜ քանի՜ անգամներ քայլեցինք ցեղասպանության և «մահվան հովիտներով» և սակայն հաղթեցինք մահվանը և հաղթահարեցինք դժվարությունները Հարության կենսաբեր հույսով։

Հարության հույսը անցյալից մեզ հասած մի պարզ նշխար չէ, հաճելի մի պատմություն չէ, որ կարող է օգտակար լինել դժվարությունները դիմագրավելու համար։ Այն մեր ազգի գոյության ապացույցն է, որին առնչվում ենք ամենատարբեր կերպերով և ամենատարբեր իրավիճակների մեջ։

Հույսի այս պատգամից քաջալերվենք այսօր, երբ կանգնած ենք համավարակի և տնտեսական ճգնաժամի տագնապի առաջ, որոնք մեզ շփոթության են մատնում, նույնիսկ վախ են առաջացնում ապագայի հանդեպ։

Նման երևույթները անշուշտ առիթ են տալիս խորհրդածելու և աղոթելու, սակայն ոչ երբեք հուսալքվելու։ Քանզի մեզ անծանոթ չէ մահվան հովիտը։ Դրա միջով անցել ենք բազմիցս Հարուցյալ Հիսուս Քրիստոսի շնորհով։ Մեր փրկության համար Քրիստոս ինքը ճաշակեց դրա արհավիրքները, խոցվեց մեր մեղքերի համար, բայց և հաղթանակեց ։

Փորձության և մահվան հովիտներով քայլելիս՝ երբեք չկորցնենք մեր հավատքը, քանզի մենք փորձառությունն ունենք Կյանքի հրաշքի և տեսել ենք նաև Հույսի հրաշքը։

Սուրբ Զատկի այս նվիրական օրը միասնաբար կառչենք այդ Հույսին՝ ավելի խորունկ համոզումով քան երբևէ, և Սբ. Հովհան Ոսկեբերան Հայրապետի հետ միասին հռչակենք.

Քրիստոս Հարյավ, և դու, օ՜ մահ, ոչնչացված ես։

Քրիստոս Հարյավ, և չարերը պարտված են։

Քրիստոս Հարյավ, և հրեշտակները ցնծում են։

Քրիստոս Հարյավ, և կյանքն ազատագրված է։

Քրիստոս Հարյավ, և գերեզմանը դատարկ է,

քանզի մեռելներից Հարություն է առել Քրիստոս՝

ննջեցյալների առաջին պտուղը։

Նրան Փառք և Իշխանություն հավիտյանս, հավիտենից. Ամեն

Քրիստոս յարեաւ ի մեռելոց։

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի

Մեսրոպ վարդապետ Պարսամյան

Տեսուչ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի

Ս․ Զատիկ 2020թ.

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.