top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Օրհնաբեր Ցողը




Ցողը ջրի մանր կաթիլներն են, որոնք առաջանում են դրական ջերմաստիճանի դեպքում՝ երկրի մակերևույթի, բույսերի գետնամերձ առարկաների վրա՝ գիշերը և առավոտյան։ Այն թարմության աղբյուր է, որով բնությունը նորոգում է բուսական աշխարհը։


Ցողի այս կարևոր նորոգող հատկության համար է, որ Աստվածաշունչը և մեր Եկեղեցու Սրբազան Ավանդությունը կիրառում են այն, որպես Աստծո օրհնության, հոգևոր նորոգության խորհրդանիշ։ Ինչպես որ բուսական աշխարհն է լվացվում և թարմանում առավոտյան ցողի կաթիլներով, այնպես էլ Տերն է նորոգում և օրհնում իր հավատացյալ զավակներին։


Ցողի առաջացման նախապայմաններից է պարզկա և անհողմ եղանակը։ Ցողը երբեք չի հայտնվում շոգին, խորշակին կամ քամոտ եղանակին։ Եղանակային ջերմաստիճանը պետք է նվազի, քամին դադարի և օդը պաղի ու ամբողջապես հանդարտվի, որպեսզի ջրային գոլորշիները խտանալով վերածվեն ցողի։ Սա տեղի է ունենում հիմնականում գիշերը, երբ տերևներն ու խոտածածկը հանդարտվում են և բույսերի ծակոտկեն հյուսվածքները բացվում են՝ ընդունելու համար թարմացնող և կենսաբեր լոգանքը։


Նույն կերպ Աստծո ողորմության ցողն է իջնում մեր հոգիների վրա, սրբում է մեր մեղքերը և խաղաղություն ու նորոգություն է բերում մեր հոգիներին միայն այն դեպքում, երբ դառնում ենք դեպի Աստված, հանդարտվում ենք Նրա ներկայության մեջ և ապաշխարության աղոթքով բացում ենք մեր հոգին և սիրտը Նրա առաջ։


Այդժամ միայն, ինչպես Աստված է ասում. «Ես ցող կդառնամ ձեզ համար, դուք կծաղկեք ինչպես շուշան և ձեր արմատները կտարածվեն ինչպես խնկի ծառը։ Կընդարձակվեն ձեր ճյուղերը, դուք կդառնաք ինչպես պտղալից ձիթենի, և ձեր հոտը կբուրի ինչպես կնդրուկի բույր»։ (հմմտ. Օսէէի մարգարեություն 14:6,7)


Ուրեմն, հանդարտվենք Տիրոջ առաջ, ի խորոց սրտից բխած աղոթքով խնդրենք Նրա բարերար ողորմության ցողը, որպեսզի ցողվենք Աստծո կենարար ներկայությամբ և մաքրվենք ու նորոգվենք կենսատու Սուրբ Հոգով։ Այնուհետ, սկսենք մեր օրը Տիրոջ պարգևած օրհնություններով և թարմության ու նորոգության գիտակցությամբ։

37 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page