Պայծառակերպության ժամանակ Թաբոր Լերան վրա Մովսեսի և Եղիայի ներկայության նշանակությունը կարևոր է՝ օրվա խորհուրդը հասկանալու առումով։
Մովսեսը և Եղիան, ոչ միայն Հին Կտակարանի երկու կարևորագույն կերպարներն էին, ովքեր եկել էին փառաբանելու Աստծո միածին Որդուն իր փառքի մեջ, ոչ միայն այն երկու սուրբ մարդիկ էին, որոնց Աստված հայտնվել էր Հին Կտակարանում, այլև նրանք խորհրդանշում էին համայն մարդկությունը՝ ողջերին և մահացածներին, քանի որ Մովսեսը մահացավ և նրա մահվան տեղը հայտնի է, մինչդեռ Եղիան երկինք վերացավ հրեղեն կառքով, որպեսզի կրկին հայտնվի ազդարարելու Աստծո փրկության ժամանակը Քրիստոս Հիսուսով։
Նրանք ներկայացնում էին նաև Հին Կտակարանն ամբողջությամբ։ Մովսեսը, ով ավանդաբար համարվում է Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի՝ Հնգամատյանի հեղինակը, խորհրդանշում է Օրենքը, և Եղիան՝ մարգարեներից մեծագույնը, խոհրդանշում էր մարգարեությունները։ Իսկ նրանց մեջտեղում Օրենքի և Մարգարեների լրումն էր՝ Տեր Հիսուս Քրիստոս (Մատթեոս 5.17).
Այսու, Թաբոր լերան վրա Հիսուսի կողքին նրանց ներկայությունը հուշում է, որ Օծյալ Փրկիչն այստեղ է, և որ Նա Աստծո Խոսքն է իր ամբողջ լիությամբ, ում մասին Աստված ինքն է վկայություն տալիս, Տերը ողջ արարչության, Հին և Նոր Ուխտի, ողջերի և մահացածների՝ ասելով. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը. դրա՛ն լսեք»։ (Մատթեոս 17.5)
«Օրենքների ու մարգարեների կատարումը դու ես, մեր Փրկիչ Քրիստոս Աստված, որ լրացրիր Հայրակամ Քո բոլոր տնօրինությունները, մեզ նույնպես լցրո՛ւ Քո Սուրբ Հոգով. ամեն»։
Comments