top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Քրիստոսի հետ խաչը ելա



Երիտասարդ վանականը հարցնում է անապատական հայրերից մեկին. «Հա՛յր, ի՞նչ է նշանակում խաչված լինել Քրիստոսի հետ»։ Վանականը խաչակնքվում և պատասխանում է. «Քրիստոսի հետ խաչված լինելը երեք բան է նշանակում։ Առաջին՝ խաչված մարդը միայն մեկ ուղղությամբ է նայում։ Երկրորդ՝ նա ետդարձի ճամփա արդեն չունի։ Երրորդ՝ խաչված մարդն այլևս եսակենտրոն նպատակներ չունի»։


Ա. Քրիստոսի հետ խաչված մարդը միայն մեկ ուղղությամբ է նայում: Շատերն են փորձում միաժամանակ երկու ուղղությամբ նայել, որովհետև նրանց սրտերը երկատված են։ Նրանք ձգտում են Երկնքի Արքայությանը, սակայն սիրում են նաև այս աշխարհը։ Ղովտի կնոջ կերպարը դրա լավագույն օրինակն է։ Նա Սոդոմի կործանումից փախչում էր մեկ ուղղությամբ, սակայն կանգնեց և ետ նայեց, քանի որ նրա սիրտը լեցուն էր Սոդոմում ապրած մեղավոր կյանքի սիրով։ Արդյունքում, նա աղի արձան դարձավ: (Ծննդոց 19:1-26)


Բ. Քրիստոսի հետ խաչված մարդը ետդարձի ճամփա չունի, որովհետև մահը բաժանում է նրան իր անցյալ կյանքից։ Այդպիսի մեկն իր սրտում հաստատակամ որոշում է կայացրել այլևս չվերադառնալ իր նախկին կյանքին, մեղքի ծառայությանը, որովհետև վայելում է Քրիստոսի պարգևած ազատության երանությունը։

Գ. Քրիստոսի հետ խաչված մարդը չունի նաև եսակենտրոն նպատակներ, որովհետև իր ողջ կյանքը հանձնել է Աստծո ձեռքերի մեջ և ամբողջ սրտով վստահում է Նրա սիրուն և հայրական հոգատարությանը։ Նա ապրում և գործում է Աստծո արքայության համար և հավիտենությունը Նրա սիրառատ ներկայության մեջ ապրելու փափագով։

Քրիստոսի հետ խաչված մարդը, Սուրբ Պողոս առաքյալի նման, համարձակ հռչակում է. «Քրիստոսի հետ խաչը ելա և ողջ եմ այսուհետև. ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Այն, որ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ սիրեց ինձ և իրեն տվեց ինձ համար»։ (Գաղատացիներին 2:20)

21 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page