top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Քրիստոսի Երգը



Վերջերս, երբ վերստին ընթերցում էի «Վերջին Ընթրիքի» մասին Ավետարանի հատվածները, մի նախադասություն գրավեց ուշադրությունս, որին առաջ չէի անդրադարձել։ Այդ նախադասությունը հանդիպում է Մատթեոս 26:30 և Մարկոս14:26 համարներում։ Զատկական ընթրիքից և Հաղորդության Խորհրդի հաստատումից հետո, երկու Ավետարանիչներն էլ ասում են, որ ընթրիքն ավարտվեց «սաղմոսներ երգելուց հետո»։

Կարծում եմ, շատերիս է հետաքրքիր, թե ի՛նչ երգեց մեր Տեր Հիսուս Քրիստոս իր առաքյալների հետ մատնության այդ մռայլ գիշերը։ Քրիստոսի ժամանակ Զատկական ընթրիքին ավանդաբար երգվում էին «Զատկական Սաղմոսները»՝ 112-117 սաղմոսները։ Սովորաբար 112-113 սաղմոսները երգվում էին ընթրիքի ժամանակ, իսկ 114-117-ը՝ ընթրիքի ավարտին։ Ահա՛ մի հատված այդ սաղմոսներից.

«Տիրոջ աջը բարձրացրեց ինձ,

Եվ Տիրոջ աջը զորություն գործեց:

Պիտի չմեռնեմ, այլ պիտի ապրեմ

Եվ պիտի պատմեմ գործերը Տիրոջ»։

Սաղմոս 117:16-17

Ի՜նչ գեղեցիկ և խորհրդավոր պատկեր։ Մեր Փրկիչն իր առաքյալների հետ երգում է այս օրհներգությունը մատնության և չարչարանաց գիշերը՝ իր ձերբակալությունից և խաչելությունից ժամեր առաջ։ Նրա թշնամիներն ամեն բան արեցին սպանելու նրան, սակայն չհաջողեցին։ Արդարև, Հիսուս Քրիստոս իր մահվամբ մահը խորտակեց, վերականգնեց մեր հաղորդությունը երկնավոր Հոր հետ և իր Հարությամբ մեզ հավիտենական կյանք պարգևեց։

Վստահ եմ, շատերս կուզենայինք տեսնել և լսել, թե ինչպե՛ս է երգում մեր Տեր Հիսուս Քրիստոս իր առաքյալների հետ։ Մեր Եկեղեցում շատ ենք կարևորում սաղմոսերգությունը և շարականների երգեցողությունը և Ժամերգություններն ու Ս. Պատարագը գրեթե ամբողջությամբ երգում ենք։ Սակայն անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ երկնքի արքայության մեջ պիտի երգենք Աստծո հետ միասին և ունկնդրենք Նրա կենարար ձայնը։

23 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page