Մեր մանկության տարիներին, վստահ եմ, շատերս ենք կարդացել անգլիացի նշանավոր արձակագիր Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպը։ Սակայն պիտի հիասթափեցնեմ ձեզ, սիրելինե՛ր, ասելով, որ մենք կարդացել ենք ընդամենը «Ռոբինզոն Կրուզո» վեպի վերապատմությունը՝ թարգմանված ռուսերենից։ Խորհրդային տարիներին արված այս վերաշարադրանքի մեջ միտումնավոր բաց են թողնված, վեպի անգլերեն բնագրում առկա, աղոթքի և Աստծո մասին բոլոր հատվածները, որոնք Ռոբինզոնի կյանքում առանցքային և բեկումնային նշանակության են ունեցել և որոնք ընկած են վեպի գաղափարական հիմքում։
Նավաբեկությունից հետո հայտնվելով անմարդաբնակ կղզում՝ Ռոբինզոնը ծանր հիվանդանում է։ Ծայրաստիճան հուսահատ և միայնակ հերոսը նավաբեկությունից փրկված արկղերից մեկի մեջ Աստվածաշունչ է գտնում և սկսում է կարդալ։ Այդ ժամանակ նա առաջին անգամ սկսում է աղոթել, և նրա կյանքն սկսվում է աստիճանաբար բարեփոխվել։ Աղոթքն ու Աստվածաշնչի ընթերցումը նրա առօրյայի անբաժանելի մասն են դառնում։
Ռոբինզոնը գրում է. «Մի առավոտ, երբ շատ տխուր էի, բացեցի Աստվածաշունչը և կարդացի հետևյալ բառերը. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Եբր.13:5)։ Անմիջապես զգացի, որ այս բառերն ուղղված են հենց ինձ։ Էլ ո՞ւմ ուղղված պիտի լինեին այս խոսքերը նման ուժգնությամբ, եթե ոչ ինձ, որ ողբում եմ իմ տխուր վիճակը՝ լքված Աստծուց և մոռացված մարդկանցից։ «Լավ, ուրեմն», - ասացի ես, - «եթե Աստված ինձ չի լքում… բնավ կարևոր չէ, թե ամբողջ աշխարհը մոռացել է ինձ»։ Այս պահից սկսած ես սկսեցի եզրակացնել իմ մտքում, որ կարող եմ իրապես երջանիկ լինել այս լքված միայնակ վիճակում, քան կլինեի աշխարհի որևէ մեկ այլ վայրում։ Եվ այս մտածումներով գոհություն էի հայտնում Աստծուն՝ ինձ այս վայրը բերելու համար»։
Ռոբինզոն Կրուզոն, որի նախատիպը իրական մարդ է՝ շոտլանդացի նավաստի Ալեքսանդր Սելքիրքը, միայնության ծանր զգացումը և անմարդաբնակ կղզու բոլոր դժվարությունները հաղթահարելու ուժը ստացավ Աստծո կենարար Խոսքից։ Դրանից հետ միայն նա դարձավ այն Ռոբինզոնը, որին սիրում և որի պատմությունը կարդում են աշխարհի միլիարդավոր ընթերցողներ արդեն 300 տարիներ շարունակ։
Comments