top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Քեզ հետ կլինեմ



«Քեզ հետ կլինեմ, և չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։ Զորացի՛ր և արիացի՛ր» (Հեսու 1.5-6)


Միայն Մեկը կա, որ կարող է նման խոստում տալ։ Մարդիկ մեկը մյուսին, ամուսինները միմյանց, զավակներ և ծնողներ փոխադարձ խոստումներ են տալիս։ Բայց և այնպես, անգամ լավագույն մտադրություններով արված խոստումները, մարդիկ շատ հաճախ չեն կարողանում պահել, քանզի մեղավոր, տկար և մահկանացու են։ Իսկ Աստված մարդկանց նման չէ, Նա միշտ պահում է իր խոստումները։ Երբ Աստված ասում է, որ մեզ հետ կլինի և մեզ երբեք չի լքի կամ չի անտեսի, այդ մեր կյանքից ներս Նրա հարատև ներկայության խոստումն է։


Աստված այս խոսքերով դիմեց Հեսուին այն ժամանակ, երբ վերջինս հաջորդեց Մովսես մարգարեին՝ կոչված լինելով առաջնորդելու Աստծո ժողովրդին դեպի Ավետյաց խոստացված երկիրը։ Այս խոստումը տալուց անմիջապես հետ Աստված պատվիրեց Հեսուին զորանալ և քաջ լինել։ Մենք ևս պետք է զորանանք և քաջ լինենք, որպեսզի կարողանանք հավատարիմ կյանք ապրել՝ մեծացնել մեր երեխաներին, սիրել մեր կողակցին, իրագործել այս կյանքում մեր բացառիկ կոչումը։

Հեսուին տրված խոստումը, ինչպես նաև մեզ տրված խոստումը, Աստծո ներկայությունն է մեր կյանքից ներս։ Մենք չենք կարող զորավոր լինել միայն մեր ուժերով։ Մենք կարող ենք և կլինենք զորավոր միայն Տիրոջով, իսկ Նրա զորությունը երբեք տկարություն չի ճանաչում։


Ապրենք մեր կյանքը Աստծո կատարյալ ներկայության մեջ, Նրա հայրախնամ և սիրառատ հայացքի ներքո։ Եվ Աստված կքայլի մեզ հետ մեր կյանքի բոլոր հանգրվաններում՝ հեռու վանելով վախը և զորացնելով մեզ, որպեսզի քաջաբար հաղթահարենք կյանքի բոլոր դժվարություններ, փորձություններն ու մարտահրավերները։

Փառք, պատիւ եւ երկրպագութիւն ի բարձունս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

34 views0 comments

Recent Posts

See All

Commentaires


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page