top of page
Search

Փրկության Սաղավարտը

Writer's picture: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan


«Տե՛ր Աստված, իմ փրկության զորությո՛ւն, գլխիս հովանի՛ն պատերազմի մեջ»։ (Սաղմոս 139:8)


Գլուխը մարմնի ամենախոցելի մասերից է՝ հատկապես հարվածից առաջացած վնասվածքների առումով։ Այս պատճառով է, որ զինվորականները, շինարարները, ինչպես նաև մոտոցիկլավարներն ու հեծանվորդները պարտադիր սաղավարտ են կրում։ Գլխուղեղի վնասվածքները հաճախադեպ էին հատկապես անտիկ դարաշրջանում և միջնադարում, երբ ճակատամարտի ժամանակ գլխին մի հարվածը կարող էր մահացու լինել։ Այսու, Սաղմոսերգու Դավիթ մարգարեն ասելով, որ Աստված իր «գլխի հովանին» է՝ նկատի ունի, որ Աստված պահապանն է իր կյանքի։


Նոր Կտակարանում Եփեսացիներին ուղղված թղթի մեջ Ս. Պողոս Առաքյալը կարևորում է «փրկության սաղավարտը» հավատացյալի հոգևոր սպառազինության մեջ։ Նա հորդորում է. «Առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խոսքը»։ (Եփեսացիս 6:17) Արդարև, հռոմեացի ոչ մի զինվոր ճակատամարտ չէր մեկնի առանց սաղավարտի, որը նրան որոշ վստահություն և ապահովություն էր հաղորդում։


Այսպես և փրկության սաղավարտը վստահություն և ապահովություն է հաղորդում մեզ հոգևոր պատերազմի մեջ։ Եթե թշնամին ամեն գնով ցանկանում է հուսահատության մղել մեզ՝ ծանր հարվածներ հասցնելով մեր մտքին, ապա փրկության սաղավարտը հուսադրում է և հաղթանակի վստահություն տալիս՝ հիշեցնելով, որ Տեր Աստված մեր փրկութեան զօրությունն է, մեր գլխի հովանին և մեր կյանքի պահապանը ցանկացած պատերազմի մեջ։

Աստված օգնական և պահապան մեր քաջարի զինվորներին և Հայոց Բանակին։

56 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page