
Մեր ամեն օրը պայքար է։ Օրեր կան, երբ հաղթանակներով ոգևորված սրընթաց առաջ ենք գնում։ Օրեր էլ կան, երբ տկարացած և ուժասպառ ընկրկում ու նահանջում ենք։ Կյանքի որ հանգրվանում էլ որ լինենք, Աստված խոստանում է մեզ, որ իր հովանու տակ ապահով պիտի լինենք և հանգստություն գտնենք։
Արդարև, չկա ավելի մեծ ապահովություն, քան Աստծո հայրական հովանին ու պահպանությունը, որն Աստված խոստանում է բոլոր նրանց, ովքեր աստվածահաճո կյանք են ապրում։ Երբ ընտրում ենք Աստծո կամքը և ապրում առաքինասեր կյանքով, դառնում ենք Տիրոջ սիրելին, իսկ «Տիրոջ սիրելին ապահով կապրի. Աստված նրան հովանի կլինի ամեն օր, և Նրա ուսերի վրա նա կհանգստանա»։ (Բ.Օրինաց 33:12)
Սա չի նշանակում, որ պայքարներ չպիտի լինեն մեր կյանքում, այլ՝ որ դրանց միայնակ չպիտի առերեսվենք։ Մեր ժողովրդի պատմությունը դրա լավագույն ապացույցն է։ Մենք տեսանք բազում պատերազմներ, աղետներ, համավարակներ և ամեն տեսակի դժվարություններ ու նեղություններ, սակայն, ինչպես Աստվածաշունչն է ասում, «Քո Տեր Աստվածը խնամեց քեզ այնպես, ինչպես ծնողն է խնամում իր զավակին. այդ արեց ձեր ամբողջ երթի ընթացքում»։ (Բ.Օրինաց 1:31)
Comments