Այսօր, երբ թշնամին բացահայտ հարձակում է գործում մեր երկրի սահմանների վրա, ակնկալում ենք, որ քաղաքակիրթ աշխարհը, մեր բարեկամ ՀԱՊԿ անդամ երկներն իրենց զորակցությունը ցուցաբերեն և դատապարտեն թշնամու սադրիչ գործողությունները։ Ավաղ, նրանք լուռ են և կամ անորոշ հայտարարություններ են անում։
Աստվածաշունչն ասում է. «Հույս մի՛ դրեք իշխանների՝ մարդկանց որդիների վրա, որովհետև նրանցից փրկութիւն չկա։ Երբ դուրս գա նրանց հոգին, նրանք կրկին հող կդառնան, եւ նույն օրը նրանց բոլոր մտածումները կանհետանան։ Երանի՜ նրան, ում օգնականը Հակոբի Տեր Աստվածն է, և ում հույսը Տեր Աստծու վրա է»։ (Սաղմոս 145:3-5)
Ահա կյանքի իմաստուն մի սկզբունք, որին հետևողները մեծ օրհնություն պիտի գտնեն։ Բնագրում գործածված «իշխաններ» բառը մատնանշում է զուտ մարդկային ուժն ու կարողությունը՝ զուրկ Աստծո օգնականությունից։ Բնավ կարևոր չէ, թե որքան զորավոր, իմաստուն և տաղանդավոր է անհատը կամ ազգը, միևնույն է նրանք սխալական են և խոցելի՝ ֆիզիկական, մտավոր և բարոյական առումներով, իսկ նրանց կյանքի օրերը հաշվված են. «նրանք կրկին հող կդառնան»։ Մինչդեռ Աստված հավերժ է, անփափոխ և կատարյալ։
Վստահիր ինքնդ քեզ և մի օր ուժասպառ կլինես։ Վստահիր ընկերներիդ, և մի օր նրանք կմահանան կամ կլքեն քեզ։ Վստահիր դրամին և մի օր կկորցնես կամ կվատնես այն։ Վստահիր հեղինակությանդ, և զրպարտող մի լեզու կարող է այն հողին հավասարեցնել։ Բայց վստահիր Աստծուն, և Նա քեզ հետ կլինի ու կպահպանի քեզ հավիտյան՝ տարածությունից և ժամանակից էլ անդին։
Արդարև, «երանի՜ նրան ում հույսը Տեր Աստծու վրա է» (Սաղմոս 145:5), «Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է»։ (Սաղմոս 32:12)
Աստված օգնական և պահապան մեր քաջարի զինվորներին և Հայոց Բանակին։
Commenti